Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարարը կայցելի Հայաստան

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարարը կայցելի Հայաստան

ՀՀ մշակույթի նախարարության հրավերով սեպտեմբերի 22-27-ը Հայաստան կայցելի Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալտ երկրամասի մշակույթի և կրթության նախարար Շտեֆան Դորգերլոհի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են նախարարության դպրոցական կրթության վարչության պետ Թորսթեն Քլիմեն, նախարարության միջազգային և ԵՄ հետ կրթական կապերի պատասխանատու Դր. Ուվե Բիրկհոլցը և նախարարի օգնական Միխայել Շուլցը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցի ընթացքում` սեպտեմբերի 23-ին, կստորագրվի ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև կրթության և մշակույթի ոլորտներում հետագա համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Նույն օրը Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Պատկերներ մի երկրից. Արևելագերմանական լուսանկարչությունը 1945-1995թթ.» խորագրով ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերի 25-ին Կոմիտաս թանգարան-ինստիտուտում տեղի կունենա Դրեզդենի «Վոկալ մոդեռն» երգ­­­չախմբի համերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի և Թոմաս Բուխհոլցի ստեղծագործությունները:

Նախարարի այցի շրջանակում նախատեսվում է այցելություն Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան-ինստիտուտ, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ: Հանդիպումներ կանցկացվեն կրթական հաստատությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի հետ համագործակցությունը սկսվել է 1998թ.՝ «Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի և կրթության նախարարության միջև գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հետագա համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրի ստորագրմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում