Գործարար, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի սանիկը, պարզվում է, «քցել է» ոչ միայն Փայլակ Հայրապետյանին, այլև մի ամբողջ խումբ մարդկանց, որոնց անցած տարի տարել է Աֆրիկայի Սիերա Լեոնե Հանրապետություն’ իր հանքերում աշխատելու: Աշոտ Սուքիասյանը նրանց խոստացել է ամսական 2 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ և, իսկապես’ սկզբում որոշ վճարումներ արել է, ապա դադարեցրել, և մինչ օրս նրանք Սուքիասյանից չեն կարողանում ստանալ իրենց փողերը: Խոսքը բավական մեծ գումարների մասին է: «Ճիշտ է, պայմանագիր չենք ստորագրել, բայց պայմանավորվածություն է եղել, որ ամսական 2 հազար դոլար աշխատավարձ պիտի տար: Գնացել-աշխատել ենք, ընթացքում հազարը տվել ա, վերջինն ստացել ենք ապրիլի 5-ին, բայց 9 հազար դոլարի չափով պարտք ա ու ոչ միայն ինձ:
Գրիշային էլ ա պարտք, բժիշկ ունեինք’ Հրանտ Մուրադյան, նրան էլ ա պարտք, Ղուկասին էլ ա պարտք, մի ուրիշ բժշկի, ու մի հոգի էլ մահացավ’ նրանց էլ ա պարտք (թվարկում է բրիգադի անդամներին)»,- թերթի հետ զրույցում պատմել է Արա Հակոբյանը, ով Սիերա Լեոնե էր մեկնել որպես հորատողի օգնական: Արա Հակոբյանի պատմելով, իրենց բրիգադն այնտեղ է մեկնել հանքերում հետազոտություններ, ուսումնասիրություններ անելու, փորձանմուշներ վերցնելու համար, որից հետո նոր միայն պետք է սկսվեր հանքերի շահագործումը: Սիերա Լեոնե արտագնա աշխատանքի մեկնած անձանցից մի մասին 10 ամիս անց մի կերպ է հաջողվել հետ վերադառնալ Հայաստան: