Ապարանի Մելիք գյուղում էկոլոգիական աղետ է

ՀՀ բնապահպանության նախարարության կայքէջում տեղադրված տեղեկատվության համաձայն, Արագածոտնի մարզի Մելիք գյուղին հարակից տարածքում’ 9 բալ ուժգնությամբ երկրաշարժային գոտում, «ՄեգոԳոլդ» ՍՊԸ-ն պատրաստվում է կառուցել մոտ 7 հեկտար տարածք ընդգրկող նոր պոչամբար: Հիշեցնենք, որ հիշատակված ընկերությունը հանդիսանում է Հայաստանի բնական պաշարների նկատմամբ անսահմանափակ ախորժակ ունեցող «Գլոբալ Գոլդ» ընկերության դուստր ընկերություն, որը 2006 թվականից ի վեր շահագործում է Ապարանի Մելիք գյուղին անմիջապես հարակից «Թուխմանուկի» ոսկու հանքավայրը:

«Էկոլոգիական հասարակական դաշինք»-ից նշում են, որ հանքահարստացումն իրականացվում է հենց տեղում’ Մելիք գյուղից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որի անմիջական հարեւանությամբ գտնվում է նաեւ անմխիթար վիճակում գտնվող պոչամբարը: Պոչամբարը բազմիցս վթարի է ենթարկվել և փլուզվել’ վնասելով գյուղի խմելու ջրի խողովակաշարը, խառնվելով խմելու և ոռոգելի ջրերին: Ջրագիծն այժմ էլ գտնվում է վթարային վիճակում:

Վթարային վիճակում գտնվող պոչամբարի փոշին անընդհատ լցվում է համայնքի մշակովի հողերի վրա’ ծանր մետաղներով թունավորելով բերքը: Համայնքի ջրերի աղտոտման հետևանքով հողերը ոռոգվում են ոչ պիտանի ջրով: այս ամենի հետևանքով բազմապատիկ անգամ նվազեցնելով հողի բերքատվությունը: Համայնքի գյուղատնտեսությանը պատճառվել է մեծ ծավալի վնաս, որը չի ուսումնասիրվել և չի գնահատվել:

Համայնքի բնակիչների վկայությամբ’ հանքավայրի շահագործման և պոչամբարի վթարների հետևանքով համայնքի բնակիչները կրում են բարոյական և նյութական հսկայածավալ վնասներ: Գյուղում կտրուկ վատթարացել է մարդկանց առողջական վիճակը, բազմապատկվել են քաղցկեղային հիվանդությունները, մանկածնությունը գտնվում է գրեթե զրոյական մակարդակում:

Մելիք գյուղի բնակիչները բազմիցս բողոքել են հանքավայրի շահագործման ընթացքում տեղի ունեցած օրինախախտումների, համայնքին պատճառած վնասների դեմ’ ընդհուպ մինչև փակելով «Մեգո Գոլդ» ընկերության տեխնիկան տեղափոխող մեքենաների ճանապարը: Սակայն պետական պատասխանատու մարմինները բացարձակ անուշադրության են մատնել գյուղացիների բողոքները: Չնայած համայնքում էկոլոգիական և առողջապահական աղետալի վիճակին’ ոչ բնապահպանության տեսչությունը, և ոչ էլ առողջապահության նախարարության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունը իրենց պարտականությունների մեջ մտնող որևէ ուսումնասիրություն չեն իրականացրել:

Այսպիսի պայմաններում մենք անընդունելի ենք համարում Մելիք գյուղի հատվածում նոր պոչամբարի կառուցումը, քանի դեռ’
1. չեն ուսումնասիրվել «Մեգո Գոլդ» ընկերության կողմից Թուխմանուկի» ոսկու հանքավայրի շահագործման ընթացքում օրենքի (լիցենզային պայմանագրի) խախտման փաստերը,
2. չի ուսումնասիրվել համայնքի բնակչության առողջական վիճակը և գնահատվել հանքավայրի շահագործման հետևանքները համայնքի բնակչության առողջական վիճակի վրա,
3. չեն ուսումնասիրվել և գնահատվել համայնքին պատճառված տնտեսական վնասները:

Հետևապես, մինչև պոչամբարի կառուցման վերաբերյալ որևէ գործընթաց սկսելը, անհրաժեշտ է ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ (կազմված բնապահպանության, առողջապահության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման, գյուղատնտեսության նախարարություններից և այլ գերատեսչություններից, հասարակական հատվածի շահագրգիռ անդամներից), որը կուսումնասիրի վերը նշված հիմնախնդիրները և կտա հիմնավորված գնահատականներ համայնքի վրա հանքավայրի սոցիալ-տնտեսական ազդեցության վերաբերյալ:

Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող՝ Սիլվա Ադամյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում