3 հայկական ընկերություններ կմասնակցեն Պեկինում կայանալիք խմիչքի ցուցահանդեսին

Նոյեմբերի 4-6ը Պեկինում կայանալիք «China (Beijing) International Wine & Spirits Fair» խմիչքի ցուցահանդեսին կմասնակցեն հայկական 3 ընկերություն՝ «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ, «Շահնազարյան» գինու-կոնյակի տուն, «Երևանի Արարատ Կոնյակի-գինու-օղի կոմբինատ» ԲԲԸ: Այս մասին տեղեկացնում են Զարգացման հայկական գործակալությունից:

Նշենք, որ գործակալությունն իրականացնում է հայկական ընկերությունների մասնակցության կազմակերպչական աշխատանքները: Ցուցահանդեսը կնպաստի երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև կխթանի հայկական խմիչքների մուտքը չինական շուկա:
ՀՀ արտահանմանն ուղղված գինեգործության և կոնյակագործության զարգացման ռազմավարության շրջանակներում թիրախավորված է նաև չինական շուկան, և հայկական ապրանքները տվյալ շուկայում կներկայացվեն: Չինական կառավարությունն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել այդ ոլորտի ընկերություններին:

Ըստ նույն աղբյուրի, Հայաստանի և Չինաստանի միջև առևտրաշրջանառությունը 2011-ին կազմել է 421.5 մլն ԱՄՆ դոլար: Արտահանումը կազմել է 16262.4 մլն ԱՄՆ դոլար, իսկ ներմուծումը’ 405322.8 մլն ԱՄՆ դոլար: Հիմնականում արտահանվում են հանքանյութեր:

Ներմուծումը շատ ավելի դիվերսիֆիկացված է և ներառում է ապրանքների լայն տեսականի` այդ թվում, հագուստեղեն, կոշկեղեն, մեքենաշինական և քիմիական արտադրանք, սարքավորումներ, շինանյութ, սննդամթերք և այլն: Հայաստանում ներկայումս գրանցված է չինական կալիտալի մասնակցությամբ 41 ձեռնարկություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում