Էջմիածնում Ս. Պատարագի ավարտին կատարվել է Հայրապետական մաղթանք

Նոյեմբերի 4-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 13-րդ տարեդարձի առիթով Ս. Պատարագի ավարտին կատարվեց Հայրապետական մաղթանք:

Սրբազան արարողություններին ներկա էին նոյեմբերի 1-3-ը Թեմական ներկայացուցչական չորրորդ ժողովի առիթով Մայր Աթոռ ժամանած Երուսաղեմի և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունների ներկայացուցիչները, Ամենայն Հայոց Կաթողիկոսության Հայաստանի և Սփյուռքի երեսուներկու թեմերի առաջնորդները, Հայրապետական պատվիրակությունների ու թեմերի աշխարհական ներկայացուցիչները, Գերագույն հոգևոր խորհրդի անդամները և բազում ուխտավորներ:

Մայր Տաճարում Ս. Պատարագ մատուցեց Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությունից Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը, ով իր քարոզում, հանուն Հայ Եկեղեցու եկեղեցականաց և աշխարհականաց դասի շնորհավորելով Ամենայն Հայոց Հայրապետին գահակալության տարեդարձի առիթով, անդրադարձավ Մայր Աթոռի կարևոր դերակատարությանը Հայ Եկեղեցու միասնականության պահպանման գործում: «Մայր Աթոռ Ս Էջմիածինն իր մայրության շնորհիվ հաջողել է ի մի հավաքել աշխարհով մեկ մեր ազգի ցրված նշխարները’ ամենքին ձգելով դեպի իրեն. …նրանից առաջնորդություն ունի եկեղեցական մեր ողջ կյանքը», – ասաց Սահակ Սրբազանը’ կոչելով խոնարհվելու Ս. Էջմիածնի Քրիստոսավանդ խորհրդի առջև: Պատարագիչ Սրբազանը խոսեց նաև Ամենայն Հայոց Հայրապետների մեծ պատասխանատվության և կոչման մասին’ միշտ վեր պահելու հայոց հաղթական Ս. Խաչը և պայծառ’ Ս. Լուսավորչի մշտավառ կանթեղը:

Ս. Պատրագից հետո, հանդիսապետությամբ Երուսաղեմի պատրիարքական տեղապահ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի, Իջման Ս. Սեղանի առջև կատարվեց Հայրապետական մաղթանքի արարողություն, որի ընթացքում ներկաներն աղոթք վերառաքեցին Երկնավոր Տիրոջը’ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության ու պայծառության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության և քաջառողջ ու բեղուն բազմամյա գահակալության համար:

Արարողությունն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի «Պահպանիչ» աղոթքով, որից հետո հայրապետական թափորն ուղղվեց դեպի Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի, որի առջև տեղի ունեցավ Նոր Ջուղայի ԺԶ, ԺԷ դարերի խաչքարերի օրինակով պատրաստված երեք խաչքարերի օրհնության արարողությունը: Խաչքարերը (խաչքարագործ’ Վարազդատ Համբարձումյան) տեղադրվել են բարերարությամբ տիար Հրաչյա Պողոսյանի (Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ)’ ի հիշատակ Արցախյան հերոսամարտում, Հայրենական մեծ պատերազմում և Սպիտակի երկրաշարժից զոհված հայորդիների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում