ԿԳՆ-ի ներքին աուդիտի կոմիտեն թերություններ է արձանագրել մի քանի ՊՈԱԿ-ներում

ԿԳՆ-ի ներքին աուդիտի կոմիտեն թերություններ է արձանագրել մի քանի ՊՈԱԿ-ներում

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել ԿԳՆ ներքին աուդիտի կոմիտեի նիստը, որի օրակարգում ընդգրկված են եղել ներքին աուդիտի 2015 թվականի տարեկան ծրագրով նախատեսված, ՀՀ ԿԳՆ ենթակայությամբ գործող  5 կազմակերպություններում իրականցված աուդիտորական ուսումնասիրությունների հաշվետվությունները:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, նիստում ներկայացվել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոց, Հրաձգության հանրապետական մարզադպրոց, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան ՊՈԱԿ-ներում կատարված աուդիտի ընթացքում հայտնաբերված բացթողումներն ու թերությունները:

Նիստին ներկան են եղել նա և նշված ՊՈԱԿ-ների ղեկավարները:Քննարկման արդյունքում ներքին աուդիտի կոմիտեի նիստում որոշվել է առաջարկել ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին կիրառել կարգապահական տույժ (խիստ նկատողություն) Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ և Հրաձգության հանրապետական մարզադպրոց ՊՈԱԿ-ների տնօրենների նկատմամբ, ինչպես նաև զգուշացնել մնացած կազմակերպությունների ղեկավարներին ձեռնարկել համապատասխան քայլեր արձանագրված թերացումները շտկելու և բացառելու ուղղությամբ:

Շեշտվել է, որ նույն թերացումները հետագայում կրկնվելու դեպքում կկիրառվեն ավելի խիստ  կարգապահական տույժեր: Ներքին աուդիտի վարչությանը հանձնարարվել է պարբերաբար ուսումնասիրել արձանագրված թերությունների շտկման ընթացքը և զեկուցել նախարարին:

Նիստի ընթացքում քննարկվել է նաև ներքին աուդիտի կոմիտեի նախորդ նիստի ընթացքում քննարկված հաշվետվությունների ու հանձնարարականների կատարողականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում