Ռումինիայի նախագահն ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու 100- ամյակի առթիվ

Ռումինիայի նախագահն ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ եկեղեցու 100- ամյակի առթիվ

Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը ուղերձ է հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման հարյուրամյակի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, Ռումինիայի նախագահի ուղերձը Բուխարեստի Մայր տաճարի 100-ամյակին նվիրված պատարագի ընթացքում ընթերցել է նախագահի մշակույթի եւ կրոնից հարցերով խորհրդական Սերջիու Նիստորը: Ուղերձը հրապարակվել է Ռումինիայի նախագահության պաշտոնական կայքէջում եւ ռումինական մամուլում: Ուղերձում ասվում է.

«Ինձ համար ուրախություն եւ պատիվ է ջերմ ողջույններ հղել Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ տաճարի հիմնադրման հարյուրամյակի կապակցությամբ: Մենք նշում ենք ոչ միայն մայրաքաղաքի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկի հիմնաքարի տեղադրման հարյուրամյակը, այլ նաեւ Ռումինիայում հայ համայնքի շարունակականությունը, որի ծանր անցյալը դարեր շարունակ միահյուսված է եղել ռումին ժողովրդի անցյալին, եւ որի հետ մեզ կապում են քրիստոնեական հազարամյա ավանդույթները:

Այսօրվա տոնակատարությունը մեզ առաջին հերթին հիշեցնում է այդ վայրի խորհրդանշականության մասին: Հայկական եկեղեցին, որի շուրջն են հավաքված այնպիսի հաստատություններ, ինչպիսիք են մշակույթի տունը, դպրոցն ու գրադարանը, զորավար Անդրանիկի հուշարձանը, Շահինի աղբյուրը եւ խաչքարը, վառ է պահում ձեր համայնքի ոգին եւ ինքնությունը, ոգեկոչում մայր հայրենիք Հայաստանի հետ խոր հոգեւոր կապը: Եկեղեցին հառնեց հայ ժողովրդի մեծ ողբերգության տարում, ինչը մղում է մեզ հիշել մարդկության ողբերգությունները եւ խորհել քաղաքական դասի պատասխանատվ ության մասին: 1915 թվականի ճակատագրական այդ դառը պահին Ռումինիան դարձավ կացարան եւ ապաստան, որտեղ Հայոց առաջնորդանիստ տաճարը հառնեց որպես համայնքի խորհրդանիշ, հավատքի ուժ եւ ճակատագրի արտահայտություն: Սուրբ Միքայել եւ Գաբրիել Հրեշտակապետաց նվիրված այդ գեղեցիկ եկեղեցին հայերի խորհրդանիշն է, ինչպես նաեւ վկայությունը նրանց հավատքի, որը հնարավոր դարձրեց անցնել ծանր անցյալի միջով, մարդկային վիթխարի ողբերգություններով, բռնատիրությամբ, էթնիկ ու կրոնական անհանդուրժողականությամբ դրոշմված դարի միջով:

Ռումին պետության անունից ուզում եմ հպարտությամբ նշել այն փաստը, որ այդ ողբերգական հանգամանքներում հայերը Ռումինիայում գտան ապաստան, հասարակ մարդկանց հյուրընկալություն: Ավելին, այնպիսի մեծ քաղաքական գործիչներ, ինչպիսիք են Իոն Բրըտիանուն, Կոնստանտին Արջետոյանուն, Տակե Իոնեսկուն, Նիկոլաե Յորգան սատար կանգնեցին հայ համայնքին եւ նրանց իրավունքներին միջազգային մակարդակով: Իրենց հերթին հայերը հարգեցին այս երկիրը` ինտեգրվելով եւ հարստացնելով մեր մշակութային եւ հոգեւոր ժառանգությունը:

Հաջողությունների հասնելով տարբեր ոլորտներում` բժշկությունից առեւտուր, իրավունք եւ տնտեսություն, պատմաբաններ, ճարտարապետներ, գրականագետներ, աստվածաբաններ, փիլիսոփաներ, արվեստագետներ, հայկական էլիտայի համաստեղությունը ներդրում ունեցավ ժամանակակից Ռումինիայի զարգացման մեջ: Թանգարանները եւ արվեստի արժեքավոր հավաքածուները, փողոցները, որոնցում գտնվում էին հին հայկական արհեստանոցները, ճարտարապետության վեհ հուշարձանները բազմաթիվ բնակավայրերում դրել են իրենց ինքնության կնիքը: Դա գեղեցիկ օրինակ է մի հասարակության, ո րը ցույց է տալիս, թե կարող է զարգանալ եւ բարգավաճել այն ժամանակ, երբ հաջողությամբ ինտեգրում է իր մշակույթների բազմազանությունը: Կարող ենք սովորել ամեն համայնքից առանձին, հնարավորություն ունենք երկխոսություն ծավալել յուրաքանչյուր էթնոսի եւ մշակույթի հետ, որպեսզի միասին ձեւավորենք բաց եւ հանդուրժող ազգ` միացյալ Եվրոպայի մոդելին համապատասխան:

Ցանկանում եմ հայ համայնքին, որ առավել աճի` զարգացնելով իր ավանդույթներն ու արժեքները: Հուսով եմ` հայազգի երիտասարդները գնահատում են նախնիներից իրենց փոխանցված ժառանգությունը եւ միեւնույն ժամանակ գտնում են լավագույն ճանապարհները աջակցելու ժամանակակից Ռումինիայի նախագծին, որը մենք միասին պետք է կառուցենք:

Շնորհավորում եմ Ռումինիայի հայ համայնքին»:

Ընթացիկ տարում սա նախագահ Կլաուս Յոհաննիսի երրորդ ուղերձն է հայերին: Առաջինն արվել է ապրիլի 24-ին, երկրորդը` սեպտեմբերի 30-ին Ռումինիայի Հայոց միության 25-ամյակի առիթով:

Բուխարեստի Հայոց առաջնորդանիստ Սբ. Հրեշտակապետաց եկեղեցու հիմնադրման 100-ամյակի առիթով ուղերձներ են հղել նաեւ ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուն, Կրոնից գործերով պետքարտուղար Վիկտոր Օպասկին եւ Դանիել պատրարքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում