«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը. Associated Press

«Իսլամական պետություն»-ը ստանձնել է Փարիզի ահաբեկչության պատասխանատվությունը. Associated Press

«Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել է Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը, խմբավորումն այդ մասին հայտարարություն է տարածել նոյեմբերի 14-ին արաբերենով և ֆրանսերենով, որը խմբավորման հետևորդների կողմից լայնորեն շրջանառվում է համացանցում:

Associated Press գործակալությունը հայտնում է, որ դեռևս հնարավոր չի եղել ստուգել հայտարարության իսկությունը, սակայն այն կրում է ԻՊ-ի լոգոն և նման է նախկինում «Իսլամական պետության» արած հայտարարություններին:

Ավեի վաղ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ահաբեկչական հարձակման համար մեղադրել էր «Իսլամական պետությանը»:

Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում: Ահաբեկչության հետևանքով զոհվել է, ըստ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրապարակածտվյալների, 127 մարդ, տուժել է ավելի քան 250 մարդ, նրանցից 99-ի վիճակը ծանր է: Երկրում հաստատվել է արտակարգ դրություն, հայտարարվել խիստ վերահսկողություն պետական սահմանների նկատմամբ: Ահաբեկչությունից հետո նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է արտակարգ խորհրդակցություն: Նա ահաբեկչության ծավալներն աննախադեպ է անվանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում