ԻՊ-ի ահաբեկիչներն իսլամատյացության ալիք են հրահրում աշխարհում. Ռոուհանի

ԻՊ-ի ահաբեկիչներն իսլամատյացության ալիք են հրահրում աշխարհում. Ռոուհանի

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն իսլամատյացության սցենարներ է իրականացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 17-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ ելույթ ունենալով Իսլամական Հանրապետության մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի նիստում:

«ԻՊ-ի ահաբեկիչներն իսլամատյացության ալիք են հրահրում աշխարհում եւ փորձում են պնդել, որ իրենք ներկայացնում են իսլամը: Եվ դա այն դեպքում, երբ իսլամը դեմ է ահաբեկչական գործողություններին»,- նրա խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը:

Լրատվամիջոցը նշում է, որ նախագահը վերստին դատապարտել է վերջերս արմատականների կատարած հարձակումները Լիբանանում եւ Ֆրանսիայում, ինչպես նաեւ այն ահաբեկչական գործողությունը, որի թիրախը դարձավ ռուսական մարդատար ինքնաթիռը:

Ռուհանին հիշեցրել է, որ այդ գրոհների հետեւանքով զոհվածների մեծ մասը խաղաղ քաղաքացիներ էին, այդ թվում՝ կանայք ու երեխաներ, ընդգծելով, որ համընդհանուր կամք ու միասնություն է անհրաժեշտ նմանօրինակ հանցագործություններին դիմակայելու համար: «Իրանը որպես մի երկիր, որն ինքն էլ ահաբեկչության զոհ է, դատապարտում է ահաբեկչական գործողություններն ու անմեղ մարդկանց զանգվածային սպանությունները եւ վճռականորեն դիմակայելու է այդ ահաբեկչական գրոհներին»,- հավելել է Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում