«Ժառանգության» և ԲՀԿ ներկայացուցիչները կհանդիպեն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հանդես էր եկել հայտարարությամբ և ներկայացրել իր կուսակցության մոտեցումներն առաջիկա նախագահական ընտրությունների և երկրի կառավարման համակարգի վերաբերյալ։

Հայտարարությունում շեշտվում է կառավարման խորհրդարանական համակարգին անցում կատարելու անհրաժեշտությունը, և այդ կապակցությամբ ԱԺ-ում 100% համամասնական ընտրակարգին անցնելը։ Ըստ այդմ, ԲՀԿ-ն կսկսի խորհրդակցությունները քաղաքական ուժերի հետ։

Lurer.com-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ Նաիրա Զոհրաբյանը զանգահարել է իրեն և կուսակցության անունից հանդիպման առաջարկ արել։

«Ես համաձայնություն եմ տվել, և մոտակա օրերս, կարծում եմ, կհանդիպենք, նաև կներկայացնենք մեր մոտեցումները»։ Իսկ ինչ վերաբերում է քննարկումների փուլ սկսելուն, Արմեն Մարտիրոսյանը նկատում է, որ դեռ վաղ է այդ մասին խոսել, բացի այդ՝ կուսակցության անունից մեկ հանդիպման մասին է առաջարկ եղել։

«Մենք դրական ենք պատասխանել, քանի որ «Ժառանգությունը» բոլորի համար բաց է, եթե ցանկություն ունենան հանդիպելու, մենք բաց ենք լսելու բոլորի առաջարկները, նույն կերպ մասնակցեցինք վարչապետի հետ հակակոռուպցիոն խորհրդակցությանը»,-նշեց Ա.Մարտիրոսյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում