Հովիկ Աբրահամյանը հորդորել է նախարարներին լրագրողներից վարկային ծրագրերը չթաքցնել

Նմանատիպ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունից տեղեկացնում են, որ նախքան նիստի օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը վարչապետն անդրադարձել է կառավարության և ԶԼՄ-ների համագործակցությանը:
«Մեր կառավարությունը որդեգրել է բաց և թափանցիկ գործելաոճ: Մենք պետք է ազնվորեն և պարբերաբար հանրությանը ներկայացնենք մեր անելիքները, կատարած աշխատանքները, ակտիվորեն շփվելով զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ: Հորդորում եմ բոլոր նախարարներին ավելի ակտիվ և նախաձեռնող լինել այս հարցերում: Հարկ է, որ բոլոր նախարարները օգտագործեն թե՛ նախապես ծրագրված, թե՛ առաջացող բոլոր հնարավորություններն՝ առավել բաց հաղորդակցության համար: Օրինակ, կառավարության նիստերից հետո բազմաթիվ լրագրողներ սպասում են կառավարության մուտքի մոտ: Յուրաքանչյուրս պետք է օգտագործի այս առիթը հանրության հետ ևս մեկ անգամ հաղորդակցվելու, հարց պարզաբանելու համար, և ոչ թե, ասենք, դուրս գա այլ մուտքերով: Կամ, վերջերս անընդհատ հարցեր են բարձրացնում վարկերի մասին և այն նախարարությունները, գերատեսչությունները, որոնք որ իրականացնում են այդ ծրագրերը, ընդհանրապես տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը: Հանձնարարում եմ բոլոր գերատեսչություններին, որոնք վարկային ծրագրեր են իրականացնում, այսօրվանից սկսած պարբերաբար հանրությանը տեղեկացնել իրականացվող ծրագրերի արդյունքների մասին՝ կոնկրետ ցուցանիշներով, ընթացքի հաջողություններով և դժվարություններով: Մենք մեր ժողովրդից թաքցնելու ոչինչ չունենք, և պետք է դա ապացուցենք մեր վարքով և գործով»,-նշել է գործադիրի ղեկավարը:
Այնուհետ Կառավարությունն ընդունել է որոշում՝ Շիրակի և Լոռու մարզերում 2014 և 2015 թվականներին կարկտահարությունից տուժած համայնքների ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի շրջանակում 2013 և 2014 թվականներին հատկացված աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի դիմաց ձևավորված պարտքերի ներման մասին:
Նշված ժամանակահատվածում տեղացած ուժգին կարկտահարություններից տուժել են այդ մարզերի համայնքները։ Հաշվի առնելով կարկտահարության պատճառած մեծ վնասները, որի արդյունքում հողօգտագործողները հայտնվել են ծանր կացության մեջ՝ անհրաժեշտություն է առաջացել վերը նշված հողօգտագործողների գումարների հետ վերադարձը ներել:
«Մենք այս նախագծով օգնում ենք մեր գյուղացիներին, ովքեր տուժել են կարկտահարությունից: Սա ևս մեկ քայլ է կառավարության կողմից՝ աջակցելու մեր գյուղատնտեսության ոլորտին և մեր գյուղացիներին»,– նշել է գործադիրի ղեկավարը:
Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվում է մարզերում քամու հետևանքների վերացման նպատակով մարզպետարաններին հատկացնել շուրջ 902448.2 դրամ՝ մարզային և համայնքային ենթակայության տակ գտնվող, ինչպես նաև բնակչության սեփականություն հանդիսացող գույքերին հասցված վնասները փոխհատուցելու նպատակով: Նշենք, որ նոյեմբերին ուժեղ քամիների հետևանքով զգալի վնասներ են հասցվել Արագածոտնի, Արմավիրի Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի մի շարք համայնքների բնակիչների, ինչպես նաև պետական և համայնքային նշանակության շինություններին: Հարցին արագ լուծում տալու համար Հովիկ Աբրահամյանն առաջարկել է կիրառել ոչ թե մրցութային, այլ բանակցային ընթացակարգ՝ առանց հայտարարության: Վարչապետն իր մտահոգությունն է հայտնել նաև խնդրի լուծման համար պահանջվող գումարի վերաբերյալ:
«ՀՀ Նախագահի հետ քննարկել ենք այս հարցը և որոշում կայացրել, որ աջակցենք: Բայց դա պետք է լինի օբյեկտիվ, հիմնավոր»,– ընդգծել է վարչապետը և առաջարկել ստեղծել հանձնաժողով, աշխատանքային խմբեր, որոնք կլինեն մարզերում, համայնքներում և տեղում կճշտեն վնասի իրական չափերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում