Պետք է անել հնարավորն ու անհնարինը` լիագումար նիստում կանխելու ԵԽԽՎ հակահայ զեկույցի ընդունումը

Պետք է անել հնարավորն ու  անհնարինը` լիագումար նիստում կանխելու ԵԽԽՎ հակահայ զեկույցի ընդունումը

Հայաստանը պետք է անի հնարավոր և անհնար ամեն ինչ, որպեսզի ԵԽԽՎ-ի քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցը լիագումար նիստում չընդունվի: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանն` անդրադառնալով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի ընդունած հակահայկական զեկույցին` «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում»:

Միաժամանակ նա նկատեց, որ նման զեկույցների ընդունումը իրականում որևէ ազդեցություն չի կարող ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման վերջնական արդյունքի վրա, սակայն կարող է խնդիրներ առաջացնել դրան հասնելու համար:

«Այն որ այդ փաստաթուղթը ոչ կառուցողական է ու որևէ կերպ չի նպաստում խնդրի կարգավորմանը, ոչ միայն մեր, այլ նաև Մինսկի խմբի համանախագահող երկրների ամենաբարձր ներկայացուցիչների կարծիքն է»,– հիշեցրեց  նա` նկատելով, որ հայկական կողմը պետք է ցույց տա, որ կաշառելու եղանակով հնարավոր չէ ճշմարտություն ձեռք բերել, որ ստի ոտքը կարճ է, և որ նման  գործարքները խարան են դառնալու երկու կողմերի համար` կաշառողի և վերցնողի: 

ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովը 24 կողմ, 16 դեմ ձայների հարաբերակցությամբ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի՝ «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» հակահայկական զեկույցը ներառել է վեհաժողովի լիագումար նիստի օրակարգ: Ուոլթերն օգտագործել է այնպիսի հակահայկական և ոչ ճշգրիտ ձևակերպումներ, ինչպիսիք են` «հեռացնել Հայաստանի եւ այլ անկանոն զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի ու Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներից, ապահովել Ադրբեջանի տարածքների ամբողջականությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում