Փարիզի ահաբեկչության գործով Բրյուսելում ձերբակալվածների թվում գլխավոր կասկածյալը չի եղել

Փարիզի ահաբեկչության գործով Բրյուսելում ձերբակալվածների թվում գլխավոր կասկածյալը չի եղել

Բրյուսելում, Լիեժում եւ Շառլեռուայում (Բելգիա) անցկացված ոստիկանական գործողությունների ընթացքում չհաջողվեց բռնել Փարիզում կատարված ահաբեկչական գործողությունների գործով գլխավոր կասկածյալին՝ Սալահ Աբդեսլամին, եւ Սեն-Դենիում սպանված ահաբեկիչների հանցակցուհու՝ Հասնայի եղբորը՝ Աիդ Բուլահսենին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լույս նոյեմբերի 23-ի գիշերը հաղորդել է «Լիբռ Բելժիկ» թերթի կայքը:

Հրատարակության տեղեկատվության համաձայն, որը պաշտոնապես չի հաստատվել, Բրյուսելի կենտրոնում անցկացված ոստիկանական գործողության արդյունքում ձերբակալվել է վեց ենթադրյալ ահաբեկիչ, ընդ որում նրանցից մեկը վիրավորվել է:

Աբդեսլամը ձերբակալվածների թվում չէ, ճշտում է թերթը: Նրա տվյալներով՝ հատուկ նշանակության ուժերը խուզարկել են Աբդեսլամ եղբայրների ազգականի բնակարանը Մոլենբեկ-Սեն-Ժան կոմունայում:

Թերթը նաեւ հաղորդել է, որ հատուկ ջոկատայինների խումբը նոյեմբերի 22-ի երեկոյան Աբդեսլամին հայտնաբերել է Լիեժի մերձակայքում՝ BMW ավտոմեքենայում, բայց նրան հաջողվել է թաքնվել: Ենթադրվում է, որ նա E40 ավտոմայրուղով շարժվել է Գերմանիայի ուղղությամբ:

Լիեժի գործողության կապակցությամբ խուզարկություններ են կատարվել Շառլեռուա քաղաքի Դամռեմի կոմունայում, որտեղ ձերբակալվել է առնվազն մեկ մարդ:

Միեւնույն ժամանակ BBC-ն, հղում անելով Բելգիայի դատախազությանը, հաղորդել է, որ ոստիկանական գործողությունների ընթացքում ձերբակալվել է 16 մարդ, որոնցից մեկը վիրավորվել է:

Բրյուսելում ահաբեկիչների որոնման գործողությունն սկսվել է նոյեմբերի 22-ի երեկոյան այն բանից հետո, երբ Բելգիայի կոորդինացման եւ վերլուծության ծառայությունը հաստատեց ահաբեկչական վտանգի ամենաբարձր մակարդակը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում