Պուտինը եւ Ռոուհանին պայմանավորվել են ամրապնդել գործակցությունը Սիրիայի խնդրում

Պուտինը եւ Ռոուհանին պայմանավորվել են ամրապնդել գործակցությունը Սիրիայի խնդրում

 Ռուսաստանը եւ Իրանը կշարունակեն համակարգել գործողություններն ահաբեկչության դեմ մղվող պայքարում եւ մտադիր են ամրապնդել գործակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

«Իրանի հետ շարունակելու ենք կոորդինացումը ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Ամրապնդելու ենք մեր փոխգործակցությունը Սիրիայի խնդրով միջազգային խմբի շրջանակներում, այդ թվում՝ համապարփակ միջսիրիական քաղաքական գործընթացի գործարկման վերաբերյալ որոշումների իրագործման նպատակով»,- ասել է Պուտինը՝ ամփոփելով Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ նոյեմբերի 23-ին Թեհրանում կայացած հանդիպման արդյունքները:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նույն օրն ավելի վաղ Իրանի ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Պուտինի հետ հանդիպմանը բարձր է գնահատել Ռուսաստանի դերը տարածաշրջանային հարցերի լուծման մեջ:

«Այաթոլլա Խամենեին ողջունեց երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային մակարդակներով համագործակցության հետագա ընդլայնումը»,- ասված է Իրանի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Դրանում նշվում է, որ Խամենեին գնահատել է Մոսկվայի այն դերն ու ազդեցությունը, որը նա գործում է տարածաշրջանային խնդիրների, մասնավորապես սիրիական ճգնաժամի լուծման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում