Սերբիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Սերբիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 24-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը` ուղեկցությամբ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:

Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, զրույցի ընթացքում Ամենայն Հայոց կաթողիկոսը, ողջունելով երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ձևավորված համագործակցությունը, հույս է հայտնել, որ այն պտղաբեր կլինի և կնպաստի զինվորականների հմտությունների առավել զարգացմանը: Նորին Սրբությունը մաղթել է, որ երբեք հայ և սերբ զինվորները հարկադրված չլինեն իրենց ձեռքը զենք առնելու հայրենիքի պաշտպանության համար, այլ լինեն իրենց ժողովուրդների խաղաղ, անվտանգ ու բարօր կյանքի երաշխավորը:

Վեհափառ Հայրապետը մասնավոր անդրադարձ է կատարել նաև պատմության ընթացքում հայ և սերբ ժողովուրդներին բաժին ընկած դժվարություններին` նշելով, որ առաջնորդությամբ Հայաստանյայց առաքելական և Սերբ ուղղափառ եկեղեցիների դրանք հաղթահարվել են արիությամբ, ամուր հավատքով և հայրենիքի հանդեպ սիրով:

Նախարար Բրատիսլավ Գաշիչն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նորին Սրբությանը ջերմ ընդունելության համար: Խոսելով երկու ժողովուրդների պատմական անցյալի և երկու երկրների ներկայիս գործակցության մասին` Բրատիսլավ Գաշիչն ընդգծել է, որ երկկողմ հարաբերություններն այժմ բարեկամական լինելուց ավելին են: Իր խոսքում նախարարը անդրադարձ է կատարել Սերբիայի հայ համայնքի կյանքին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը և Սերբիայի պաշտպանության նախարարը խոսել են նաև երկու երկրների բանակներում գործող հոգևոր սպասավորների ծառայության, ինչպես նաև Հայաստանյայց առաքելական և Սերբ ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերությունների մասին: Այս կապակցությամբ Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ տեղեկացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Մայր Աթոռում կազմակերպված միջոցառումներին Սերբ ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների մասնակցության և Հայ եկեղեցուն ու ժողովրդին բերած զորակցության մասին:

Ինչպես Կառավարությունից տեղեկացրեցին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս նոյեմբերի 24-ին ընդունել է Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել Հայաստանի ու Սերբիայի միջև համագործակցության ընթացքից և կարևորել տարբեր ուղղություններով դրա զարգացումը:

Կառավարության ղեկավարի խոսքով, վերջին տարիներին պաշտոնական փոխայցելություններն ու հանդիպումներն էապես նպաստել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանը, երկկողմ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը և միջազգային կազմակերպությունների շրջանակում գործակցության խորացմանը:

Սերբիայի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար և նշել, որ Սերբիան կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը, բազմաոլորտ կապերի ընդլայնումն ու սերտացումը:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Սերբիայի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում, մասնավորապես, կարևորվել են ռազմական բժշկության, ռազմական կրթության բնագավառներում փորձի փոխանակումը, միջազգային խաղաղապահ ուժերում փոխգործակցությունը: Կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ շեշտելով, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, խաղաղ բանակցությունների արդյունքում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում