Բաքվում իսլամիստներն իրավապահներից պահանջում են ազատ արձակել իրենց առաջնորդին

Նմանատիպ
Բաքվի շիաներով բնակեցված Նարդարան ավանում մզկիթներից մեկի մոտ իսլամիստների նկատմամբ ոստիկանության ձեռնարկած հատուկ գործողության ժամանակ 4 մարդ զոհվելու եւ Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզադեի ձերբակալությունից հետո նարդարանցիները սկսել են հավաքվել իմամ Հուսեյնի անվան հրապարակում եւ պահանջել ազատ արձակել իրենց հոգեւոր առաջնորդին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ներկայում հրապարակում մոտ 400 մարդ է հավաքվել եւ մարդկանց հոսքը դեպի հրապարակ շարունակվում է: Նրանք հրապարակ են գալիս զինված քարերով, դյուռավառ հեղուկով շշերով, մահակներով եւ մետաղաձողերով: Սպասվում է դիմակայություն:
Բաքվի Սաբունչիի ոստիկանական բաժանմունքի դիմաց հատուկ նշանակության ջոկատի եւ իսլամիստների միջեւ դիմակայություն է սկսվել: Շենքը շրջապատել են Ադրբեջանի ներքին զորքերի զինվորները եւ ոչ մեկին մոտ չեն թողնում: Նրանք ոստիկանության շենքը շրջապատել են, որովհետեւ այդտեղ են բերվել ժամեր առաջ ձերբակալված Թալե Բաղըրզադեն եւ նրա համակիրները: Իսլամիստների խումբը ժամանել է շենքի մոտ եւ պահանջում է ազատ արձակել նրանց:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ կեսօրին սկսված հատուկ գործողության արդյունքում Նարդարանում արդեն ձերբակալվել են 15 իսլամիստներ:
Նարդարանում իրադրությունը սկսում է լարվել:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` Իմամ Հուսեյնի մզկիթի մոտ անցկացված հատուկ գործողության ժամանակ իսլամիստ ծայրահեղականները զինված դիմադրություն են ցուցաբերել իրավապահ ուժերին: Որոշ զինված իսլամիստներ կրակ են բացել իրավապահների վրա:
Բաքվի թիվ 3 հիվանդանոց է տարվել երեք վիրավոր, որոնց մեջ է նաեւ Սաբունչիի շրջանի ոստիկանական վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Սադիգ Հասանովը: Հատուկ գործողության ժամանակ ոստիկանների վրա նռնակ է նետվել:
Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նաեւ իսլամիստների եւս մեկ առաջնորդի` Զուլֆուգար Միքայելզադեին: Նա ձերբակալվել է սեփական տանը եւ տարվել անհայտ ուղղությամբ:
Նշվում է, որ իսլամիստները ՆԳՆ աշխատակիցների վրա կրակել են ավտոմատներից, կիրառվել են նաեւ մարտական նռնակներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում