«Առավոտ». Մինչ պատգամավորները մրցում են, թե նրանցից ով է ավելի «դուխով տղա», բյուջեի որակը մնում է նույնը

«Առավոտն» իր խմբագարականում գրում է.

Մեզանից շատերը հետևել են, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Սենատը քննարկում «մեր հարցը»՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը։ Խոստովանեմ, որ այլ զարգացած երկրներում խորհրդարանական քննարկումների բուն ընթացքին չեմ հետևել՝ կարդացել կամ նայել եմ լրատվամիջոցների ռեպորտաժները։ Բայց Սենատի քննարկումն արդեն իսկ պիտի հուշի, թե ինչպես պետք է խորհրդարանում աշխատել օրենքների վրա։ Մեզ մոտ այդ ընթացքը շարունակում է հիշեցնել վերակառուցման շրջանի ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարները՝ «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնության և հեղափոխական փոքրամասնության անպտուղ լեզվակռիվներով։

Հայկական պառլամենտարիզմի 22 տարին առանձին առաջընթաց չարձանագրեց պատգամավորների մտավոր մակարդակի առումով։ Նահապետ Գևորգյանը կամ Առաքել Մովսիսյանը եթե նույնիսկ 30 տարի նստեն խորհրդարանում, միևնույն է՝ չեն հղկվի, չեն դառնա օրենսդիր՝ այդ բառի դասական իմաստով։ Ավելի շուտ հակառակը՝ Տիգրան Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Հրայր Թովմասյանը, որոնք, վստահ եմ, մինչև պաշտոններ ստանձնելը նորմալ մարդիկ էին, իրենց մտածելակերպով ու արժեքներով գնալով մոտենում են Նավոյին և Շմայսին։

Բայց դա հարցի արտաքին կողմն է։ Ավելի կարևոր հանգամանքն է այն, թե ինչպես են մեր պատգամավորներն ու կառավարությունը քննարկում, օրինակ, նույն պետական բյուջեն։ Կառավարության անդամներին ու հանրապետական պատգամավորներին թվում է, որ ցանկացած բառ, որն արտասանում են Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը կամ Միքայել Մեջլումյանը, ուղղված է անձամբ իրենց դեմ և նպատակ է հետապնդում իրենց զրկել իշխանությունից։ Եթե նույնիսկ դա այդպես լիներ, միևնույն է՝ պետք է, հավանաբար, փորձել հասկանալ, թե որն է ընդդիմադիրների ասածների ռացիոնալ հատիկը և հաշվի առնել դա՝ բյուջեն վերջնական տեսքի բերելիս։ Ես, օրինակ, վարչապետի և նախարարների տեղը լինեի, կօգտվեի այն հանգամանքից, որ Հրանտ Բագրատյանի մակարդակի տնտեսագետը պատգամավոր է և նրա գիտելիքներից «կքամեի» առավելագույնը՝ իմ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար։

Մյուս կողմից էլ՝ ընդդիմադիրներն էլ բյուջեի քննարկման ժամանակ պիտի հնարավորինս խուսափեն քաղաքական և էմոցիոնալ երանգներից ու շեշտը դնեն բուն բովանդակային ասելիքի վրա՝ «այստեղ գրված է այսպես, բայց պետք է գրվի այնպես»։ Այնինչ նրանք հաճախ են շեղվում թեմայից՝ խորանալով «խարազանող ձևակերպումների» մեջ, որոնք գուցեև հետաքրքիր է լսել, բայց գործնական առումով դրա էֆեկտը զրո է։

Մինչ պատգամավորները մրցում են, թե նրանցից ով է ավելի «դուխով տղա», բյուջեի որակը մնում է նույնը։ Մեր քաղաքացիների կյանքի մակարդակը՝ նույնպես։

Հետևեք մեզ նաև Telegram-ում