«168 ժամ». Հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին խոսակցությունները միայն «հեքիաթ» են. Գրիգոր Հարությունյան

Ռոբերտ Քոչարյանի եւ ոչ մի խոսք ինձ համար համոզիչ չէ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասել է ՀԱԿ ներկայացուցիչ, ՀԺԿ նախագահ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազույցի մասնավորապես այն պնդմանը, թե ինքը կապ չունի ԲՀԿ-ի՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու առաջարկությունների վերաբերյալ նախաձեռնության հետ, եւ, եթե ինքը ցանկանար, որ գործեր հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգը, ապա դա կաներ դեռեւս 2005 թվականին, գրում է «168 ժամ» թերթը։

«Ինչ վերաբերում է հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու մասին առաջարկին, ապա Գրիգոր Հարությունյանը կարծում է, որ այդ խոսակցությունները միայն «հեքիաթ» են:

«Եթե երկրում չկա ընտրություն, ցանկացած համակարգ՝ լինի նախագահական, թե խորհրդարանական, ոչ մի փոփոխության չի հանգեցնի: Ընդունենք, որ ես կողմ չեմ հարյուր տոկոս համասնական ընտրակարգին անցնելուն: Ասեմ՝ ինչո՞ւ: Ենթադրենք՝ Սերժ Սարգսյանն այս ընտրություններում վերընտրվում է ու սրանից հետո այնպիսի Սահմանադրական փոփոխություններ են լինում, ինչպիսին խորհրդարանական կառավարումն է, եւ Սահմանադրությամբ լրիվ իրավունք են ստանում, ու Սերժ Սագսյանը դառնում է վարչապետ: Ու ի՞նչ, այս տարիներին մի այդքան էլ ավելացնի»,- բացատրեց Գ. Հարությունյանը:

Ըստ նրա՝ երկրի դժբախտությունը ոչ թե կառավաման համակարգի մեջ է, այլ՝ այն մարդկանց, ովքեր ձեւավորում են իշխանությունը:

«Պետք է ձեւավորվի օրինական համակարգ: Հարցը, հասկացեք, համակարգը չէ, այլ մարդիկ, որոնք ստեղծում են այդ համակարգը: Դրա համար ասում եմ. այս նախաձեռնությունները զրո են: Եթե մեզ մոտ ցանկացած ընտրություն ընթանում է իշխանական լծակների, ֆինանսկան միջոցների օգտագործմամբ, ի՞նչ ուզում ես նախաձեռնի, ի՞նչ է փոխվելու:

Այստեղ միայն մի տարբերակ կարող է լինել, որ մեծ ճնշում լինի ու իշխանությունը ստիպված գնա զիջումների»,- նշեց Գ. Հարությունյանը:

Մեր հարցին, թե մեծ ճնշում ասելով նկատի ունե՞ք արտաքին ուժերին, ՀԱԿ ներկայացուցիչը պարզաբանեց, որ խոսքը ժողովրդի մասին է: «Արտաքին գործողությունները մենք տեսել ենք. Ամեն անգամ գալիս, ասում են, որ այս ընտրությունները նախորդից մի քայլ առաջ են, բայց թե ինչպե՞ս են այդ քայլը տեսնում, ես չեմ հասկանում: Ճնշումը ներսից ժողովուրդը պետք է անի»,- հավելեց նա»,- գրում է «168 ժամը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում