Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարների հանդիպմանը քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության բազմաթիվ հարցեր

Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գերատեսչության լրատվական ծառայությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը վերհիշեց այս տարվա հունվարին Ռիգայում լատվիական կողմի ջերմ ընդունելությունը և գոհունակություն հայտնեց, որ ընդունելով հրավերը՝ նախարար Ռինկևիչսը այսօր գտնվում է Հայաստանում:

Իր խոսքում նախարար Նալբանդյանը շեշտեց, որ «Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը: Վերջին տարիների ընթացքում այս ուղղությամբ նշանակալի քայլեր են կատարվել, տեղի են ունեցել Հայաստանի և Լատվիայի Նախագահների փոխադարձ այցելություններ, պարբերական են շփումները տարբեր գերատեսչությունների միջև»:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Էդգարս Ռինկևիչսը նշեց, որ Լատվիան շահագրգռված է զարգացնելու փոխշահավետ համագործակցությունը Հայաստանի հետ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լատվիական երկկողմ և բազմակողմ համագործակցության բազմաթիվ հարցերի:

Հատկապես կարևորվեց անցած տարի ՀՀ նախագահի Լատվիա կատարած այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը՝ մասնավորապես միջկառավարական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ, որի անդրանիկ նիստը նախատեսված է գումարել հաջորդ տարվա առաջին կեսին:

Նախարարաները ընդգծեցին երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի աշխատանքների ակտիվացնելու և
խորհրդարանական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Զրուցակիցները հանգամանալից անդրադարձան առևտրատնտեսական կապերն ակտիվացնելու և ընդլայնելու հնարավորություններին, իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը և ԱԳՆ-երի միջեւ խորհրդատվությունններին։

Երկուստեք գոհունակություն հայտնվեց Հայաստան – Եվրոմիություն հարաբերություններում, Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացի կապակցությամբ: Այդ համատեքստում նշվեց, որ Լատվիան որպես ԵՄ անդամ կարող է զգալի աջակցություն ցուցաբերել Հայաստանին:

Բանակցություններին պայմանավորվածություն ձեռք բերվեց մշակութային փոխանակումների ակտիվացման վերաբերյալ, մասնավորապես՝ 2014 թ. Ռիգայի որպես եվրոպական մշակութային մայրաքաղաքի տոնակատարություններին հայկական կողմից մասնակցության շուրջ։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Երկուստեք համոզմունք հայտնվեց, որ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա հանգուցալուծումն և բացառապես խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին միջազգային օրակարգի խնդիրների՝ Իրանի միջուկային ծրագրի, Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում