«Բորուսսիան» հաղթեց «Այնտրախտին», Մխիթարյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Նմանատիպ
Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող Դորտմունդի «Բորուսսիան» հյուրընկալել էր «Այնտրախտին». Թոմաս Տուխելի սաները 4:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին:
Հանդիպման արդեն 6-րդ րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկավ Ալեքսանդր Մայերը: Դորտմունդյան թիմը հավասարությունը վերականգնեց 24-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանը: Նախքան ընդմիջման գնալը դաշտի տերերը կարող էին նաև առաջ անցնել հաշվի մեջ, սակայն 45-րդ րոպեին Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չկարողացավ դիպուկ իրացնել Լուկաշ Գրադեցկու դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը:
Երկրորդ խաղակեսում Օբամեյանգն «քավեց մեղավորությունը» և 57-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին: 4 րոպե անց աչքի ընկավ Մաթս Հյումմելսը, իսկ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ադրիան Ռամոսը, ով 82-րդ րոպեին փոխարինել էր Մխիթարյանին:
Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 38 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Բավարիային» զիջելով 5 միավորով, իսկ «Այնտրախտը» մնաց 14 միավորով՝ 15-րդ տեղում:
Գերմանիայի առաջնություն, 16-րդ տուր
«Բորուսսիա Դորտմունդ» – «Այնտրախտ»՝ 4:1
Գոլերը՝ Մխիթարյան 24′, Օբամեյանգ 57′, Հյումմելս 61′, Ռամոս 86′ – Մայեր 6′
Չիրացրած 11-մետրանոց՝ Օբամեյանգ 45′
Հեռացում՝ Սլոբոդան Մեդոևիչ 44′