Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի ընտրությունը պետք է լինի ընտրություններ չանելը. Ալեքսանդր Իսկանդարյան

Նմանատիպ
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի դիտարկմամբ Սահմանադրական հանրաքվեին հաջորդելու է ներքաղաքական բավականին բարդ և բուռն շրջան. սկսվելու է Ընտրական օրենսգրքի փոփոխության գործընթացը, երկրորդ` ներկայում մի իրավիճակում ենք, երբ նոր Սահմանադրության նախագիծն արդեն ընդունվել է, բայց գործում է նաև հինը, այլ կերպ` ուժի մեջ է նախագահական ինստիտուտը, որը որպես իշխանության կենտրոն վերացման եզրին է, երրորդ` 2017թ. մայիսից մինչև 2018թ.-ի փետրվարը կունենանք նորընտիր խորհրդարան, մինչդեռ ՀՀ նախագահը պաշտոնավարելու է հին լիզարություններով:
Ըստ Ալեքսանդր Իսկանդարյանի` մեծ է հավանականությունը, որ 2017-ին ձևավորվելիք խորհրդարանում մեծամասնություն կկազմի դարձյալ Հանրապետականը.«Տեխնիկապես դա կլինի փոխանցում՝ մեկից մյուսին: Քաղաքական անցումը միշտ էլ հետաքրքիր է, քանի որ կոնֆլիկտներ են առաջանում տարբեր խմբերի ներսում»:
Ինչ վերաբերում է աշխարհաքաղաքական զարգացումներին և դրանց ազդեցությանը Հարավային Կովկասի վրա, Ալեքսանդր Իսկանդարյանը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ Հարավային Կովկասի սպառնալիքները հենց ներսից էին` աբխազական, ռուս-վրացական, հայ-ադրբեջանական կոնֆլիկներ, իսկ հիմա ամեն ինչ փոխվել է` Սիրիա, Իրաք, թուրքական, իրաքյան և սիրիական Քուրդիստան:
Այս համատեքստում քաղաքագետն անդրադառնալով ռուս-թուրքական հսարաբերությունների հետագա զարգացմանը, նկատեց, որ դրանք ռազմական գործողությունների չեն վերածվի, իհարկե, Սիրիայում, Իրաքում ռուս-թուրքական ուժերի բախումներ կարող են լինեն, բայց հիմնականում սրացում կլինի միջազգային իրավունքի դաշտում:
Թե ինչ պետք է անի Հայաստանն այս իրավիճակում, Իսկանդարյանն ընդգծեց` Հայաստանի ընտրությունը պետք է լինի ընտրություն չանելը. «Հաճախ լրագրողներն ասում են, թե քաղաքականությունը պետք է աշխարհաքաղաքական զարգացումներին ինտերակտիվ կերպով արձագանքի, այո, այդպես երբեմն լինում է, բայց շատ հաճախ լինում է նաև հակառակը, երբ քաղաքականությունը պետք է համբերությամբ սպասի, երբ կտրուկ քայլերը կարող են բերել անկանխատեսելի հետևանքների»:
Անդրադառնալով սահմանային լարվածության սրացմանը, քաղաքագետը նկատեց, որ հակամարտող կողմերի առաջնորդների հանդիպումից առաջ միշտ էլ լարում եղել է, և որ ոչ կողմերը, ոչ էլ Մինսկի խմբի համանախագահները դրանից խուսափելու մեխանիզմներ չունեն:
Ալեքսանդր Իսկանդարյանն այն կարծիքին է, որ լարվածությունը սրելու ադրբեջանական ակտիվացումները կշարունակվեն, բայց լայնամասշտաբ ռազմական գործողությունների չեն հանգեցնի. «Ժամանակ առ ժամանակ ինչ-որ «տաքացումներ» կլինեն, բայց դա նորություն չէ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում