Միջազգային հանրությունը պետք է այլ խստորեն դատապարտի Ադրբեջանի լկտի պահվածքը. Շարմազանով

Նմանատիպ
Միջազգային հանրությունը պետք է խստագույնս դատապարտի Ադրբեջանի իշխանությունների լկտի պահվածքը, որը, արհամարհելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր կոչերը, գնում է սահմանին լարվածություն ստեղծելու ճանապարհով: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Միջազգային հանրությունը պետք է ոչ թե հավասարության նշան դնի, այլ խստագույնս դատապարտի Ադրբեջանի լկտի պահվածքը: Երբ ԵԱՀԿ նախարարները հայտարարում են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, իսկ դրանից մեկ օր հետո Ադրբեջանը նման պատասխան է տալիս ԵԱՀԿ նախարարներին, նշանակում է, որ Ադրբեջանի այս քայլը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանին ու Արցախին, այլ նաև միջնորդ երկրներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նա ցավակցեց վերջին օրերին հակառակորդի գործողությունների արդյունքում զոհված հայ զինծառայողների ընտանիքներին և հարազատներին՝ հավելելով, որ ցանկացած հայ զինվորի կորուստ ցավալի է ողջ հայության համար: «Ես պետք է նշեմ, որ այդ ամենի պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի իշխանությունների վրա, որոնք մերժում են հակամարտության խաղաղ կարգավորման բոլոր կոչերը ու գնում են սահմանին լարվածություն ստեղծելու ճանապարհով, չեն հրաժարավում հարցը ռազմական ճանապարհով լուծելու մտքից»,- եզրափակեց Շարմազանովը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում