Կորեայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

Կորեայի Հանրապետության դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնել է ՀՀ ԱԳ նախարարին

Հայաստանում Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պակ Նո Փյոկը (նստավայրը` Մոսկվա) դեկտեմբերի 14-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը հաջողություն է մաղթել դեսպանին իր առաքելության մեջ՝ հույս հայտնելով, որ դեսպանն իր կարևոր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման և երկկողմ համագործակցության ընդլայնման գործում։

Կորեայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության և բարեմաղթանքների համար, հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը հայ-կորեական համագործակցության ամրապնդման և խորացման համար։

Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Կորեայի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը՝ երախտագիտություն հայտնելով անկախությունից ի վեր Հայաստանի զարգացմանը Կորեայի կողմից ցուցաբերած տեխնիկական աջակցության համար։

Նախարար Նալբանդյանը և դեսպան Պակ Նո Փյոկը անդրադարձել են քաղաքական, տնտեսական, կրթական և մշակութային համագործակցության, ինչպես նաև իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակի։ Երկուստեք կարևորվել է բարձրաստիճան այցելությունների կազմակերպումը, արտգործնախարարությունների միջև խորհրդակցությունների անցկացումը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է Կորեա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ակտիվ գործունեությունն՝ ուղղված երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կորեայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպած միջոցառման համար։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք միջազգային և տարածաշրջանային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ։ Դեսպան Պակ Նո Փյոկը ներկայացրել է կորեական թերակղզում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը։

Էդվարդ Նալբանդյանը հյուրին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում