ՆԱՏՕ-ի զինուժի ակտիվությունն ուժեղացվում է ՌԴ սահմանների երկայնքով. ՌԴ ԶՈՒ ԳՇ պետ (ֆոտո, տեսանյութ)

Նմանատիպ
Ռուսաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հանդիպել է երկրում հավատարմագրված օտարերկրյա ռազմական կցորդների հետ: Հանդիպմանը ռազմական գերատեսչության պաշտոնյան անհանգստություն է հայտնել ՌԴ-ի նկատմամբ ՆԱՏՕ-ի որդեգրած ոչ բարեկամական ռազմական քաղաքականության առնչությամբ:
«ՆԱՏՕ-ն շարունակում է ընդլայնել իր ռազմական ներկայությունը և ուժեղացնել դաշինքի զինուժի ակտիվությունը ՌԴ սահմանների երկայնքով»-շեշտել է Գերասիմով:
Այնուհետ ՌԴ ԶՈՒ ԳՇ պետը հիշեցրել է Թուրքիայի դավաճանական քայլը. «Ծայրահեղ իսլամիստների դեմ պայքարում չեղավ անհրաժեշտ աջակցություն ոմանց կողմից, գործընկեր էին թվում, բայց հակառակը ստացանք՝ հարված թիկունքից, երբ սիրիական սահմանը խախտելով թուրքական օդուժի F-16 կործանիչը խոցեց ռուսական Су-24 ինքնաթիռը»:
Գերասիմովը հույս է հայտնել, որ միջազգային փորձագիտական խումբն օբյեկտիվ հետաքննություն կիրականացնի ՝ օգտագործելով ռուսական ռմբակոծիչի «սև արկղերի» ձայնագրությունը: Այստեղ ռուս զինվորականը չի անտեսել ԻՊ-ի հետ Թուրքիայի քաղաքական էլիտայի նավթային անօրինական գործարքի փաստը՝ նշելով, որ երկիրն իր «կեղտոտ» շահը վեր է դասում ՌԴ-ի, Ֆրանսիայի, Մալիի և անգամ Թուրքիայի քաղաքացիների կյանքից, որտեղ ևս ԻՊ-ի կողմից ահաբեկչական ակտեր են լինում:
ԶՈՒ ԳՇ պետն ընդգծել է, որ ՌԴ-ն Սիրիայում նպաստում է երկրի կառավարական ուժերի և Ազատ բանակի ջանքերի միավորմանն ահաբեկիչների ոչնչացման գործում:
Ըստ նրա՝ ներկա դրությամբ Սիրիայի Ազատ բանակի շարքերում ընդգրկված մոտ 5.000 մարդ կանոնավոր զինուժի հետ միասին հարձակողական գործողություններ է իրականացնում Հալեպում, Հոմսում, Ռաքքայում, Համայում: Իսկ նրանց աջակցելու նպատակով ռուսական օդուժն օրական 30-40 ավիահարված է հասցնում, իհարկե, նյութական և ռազմատեխնիկական օգնություն ևս ցուցաբերվում է:
«Բացի այս՝ ահաբեկիչներին ֆինանսական աղբյուրներից զրկելու նպատակով ոչնչացվում են նրանց հսկողության տակ գտնվող նավթաարդյունահանման համալիրները, նավթի վերամշակման գործարանները, նավթի պոմպակայանները, ինչպես նաև նավթամթերք տեղափոխող տրանսպորտային միջոցները, որոնք բեռնման վայրից շարժվում են թուրքական սահմանի ուղղությամբ»,-լրացրել է նա:
Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում