Փորձագետներ. Իլհամ Ալիևը երկրում հնարավոր հեղաշրջման վտանգ է տեսնում

Փորձագետներ. Իլհամ Ալիևը երկրում հնարավոր հեղաշրջման վտանգ է տեսնում

 Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության լուծարման, դրան նախորդած բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալությունների պատճառը կարող է լինել նախապատրաստվող հեղաշրջումը: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Ըստ տարածված տեղեկատվության` մեկնաբանվում է,թե Ազգային անվտանգության նախկին նախարար Էլդար Մահմուդովը  հանցավոր խմբավորում էր ստեղծել, այսպես կոչված, ռեկետով էր զբաղվում:

Գագիկ Համբարյանի խոսքով՝ ռեկետով չէր կարող զբաղվել առանց Իլհամ Ալիևի մոտ կանգնած մարդկանց հովանավորության, դրանից բացի, եթե դա է պատճառը, ապա մի ամբողջ նախարարություն չէր վերացվի:

«Ադրբեջանի ազգային անվտանգության նախկին նախարար  Էլդար Մահմուդովի պաշտոնանկությունից հետո ադրբեջանական մի քանի լրատվամիջոցներ հաղորդեցին, որ երկրում նախապատրաստվում էր պետական հեղաշրջում: Դա պետք է իրագործվեր Էլդար Մահմուդովի հովանավորությամբ: Նրան աշխատանքից ազատելուց հետո մի քանի տասնյակ աշխատակիցներ ևս ազատվեցին, եղան նաև ձերբակալություններ: Նրանց մեջ կային բարձրաստիճան պաշտոնյաներ: Մաքրազերծվեցին կառավարության այլ գերատեսչություններ ևս: Եղավ տեղեկատվություն այն մասին, որ Ադրբեջանում առգրավվել է 16 մլրդ եվրո գումար, որն ուղարկվել է Ադրբեջան պետական հեղաշրջումը կազմակերպելու համար: Հետևաբար Ալիևի քայլերը պատահական չեն, իշխանությունը կորցնելու մտավախություն է ունեցել»,-ասաց Գագիկ Համբարյանը:

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ  Ադրբեջանի նախագահն անընդհատ քողարկում է հիմնական պատճառները և Ազգային անվտանգության ծառայության հետ կապված լուրերը ենթադրությունների մակարդակում են: Ամեն դեպքում նա նույնպես չբացառեց իշխանությունը կորցնելու՝ Իլհամ Ալիևի համար ստեղծված վտանգը: «Ակնհայտ է, որ կա 2 հիմնական պատճառ: Առաջինն այն է, որ անվտանգության համակարգում կոռուպցիոն գործընթացներ էին, որոնք հարվածում էին հենց Իլհամ Ալիևի ֆինանսական շահերին: Երկրորդը` պետության ներսում ձևավորվող հնարավոր դաշինքն է, որը Ալիևը կարող էր իր իշխանության համար ընկալել որպես սպառնալիք»,-ասաց քաղաքագետը:

Այն հարցին, թե որքանով է հավանական, որ Ալիևի քայլերը ներքին ընդվզումները զսպելու համար արված լինեն, Հրանտ Մելիք-Շահնազարյանը դա քիչ հավանական է համարում:

«Ներքին ընդվզումները սովորաբար ճնշվում են ուժի միջոցով, և դա Ալիևի իշխանությանը շատ հեշտ է հաջողվում,  որովհետև ներքին, ուժեղ կազմակերպված ընդդիմություն  որպես այդպիսին չկա: Կա սոցիալական դժգոհություն, բայց չկա այդ դժգոհությունն արտահայտող ուժ»,-ասաց Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Փորձագետները չեն բացառում, որ Ադրբեջանում ստեղծված իրավիճակը դրսի ուժերի կողմից հրահրվող լինի: Ըստ Գագիկ Համբարյանի` վարկածները տարբեր են, թե´ իրանական հետքը, թե´ գյուլենականների փորձը, որ Արդբեջանում իրենց դիրքերը ամրապնդեն, թե´ ռուսական գործոնը: «Ամեն դեպքում՝ փաստն այն է, որ Էլդար Մահմուդովը վտանգավոր խաղի մեջ է մտել, որը հակասում է Ալևի շահերին»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում