Արտաքին հարցերում Աշոտյանը շատ լավ է պաշտպանում ազգային շահը, թեպետ բուհերը կուսակցականացրել է. Րաֆֆի Հովհաննիսյան

Նմանատիպ
Ինչպիսին ներքին քաղաքականությունն է, այնպիսին էլ արտաքինն է լինելու. եթե ներսում անարդարություն եղավ, որքան էլ Եվրախորհրդի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի դուռը թակենք, տեղ չենք հասնելու: Այս մասին Ազատության հրապարակում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի քաղաքացիական հանդիպմանը հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ որպես ապացույց հիշեցնելով ԵԽԽՎ-ում առկա հակահայ բանաձևերը. «Զարուհուն հանեցին ԵԽԽՎ-ից, որովհետև անհարմար հարց տվեց: Իսկ Զարուհին վստահ եմ կկանխեր: Ես կարող է Զարուհու հարցը չտայի, բայց կասեի՝ ինչո՞ւ է իր թոռնիկների համար ահավոր ժառանգություն թողնում»:
Րաֆֆի Հովհաննիսյանն ընդգծեց, որ «այս շաբաթ հայ ժողովուրդը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին տալիս է ինքնակամ հրաժարական տալու հնարավորություն, քանի որ համբերության բաժակը լցվել է»:
Այնուհետ կուսակցապետն անցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ նշելով, թե որպես կուսակցապետության ներկայացուցիչ, կուսակցականացրել է կրթական հաստատությունները և իրենք այնտեղ մուտք չունեն:
«Բայց արտաքին հարցերում նա շատ լավ պաշտպանում է ազգային շահը»,-շեշտեց նա՝ դիմելով ժողովրդին, թե կարող է իր ասածը դժգոհություն առաջացնի:
Հովհաննիսյանը վստահեցրեց, որ իրենց նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ իշխանությունը ժողովրդին վերադարձնելը և ներկայացրեց «Նոր Հայաստան»-ի մարզային հանդիպումների գրաֆիկը.
«Վաղը կլինենք Սյունիքում, մասնավորապես Կապանում և հրավիրում ենք նաև մարզպետ Սուրիկ Խաչատրյանին, այնուհետև Գորիսում, Սիսիանում, Եղեգնաձորում: Դեկտեմբերի17-ին կլինենք Արտաշատում, Արմավիրում, Թալինում: Ուրբաթ օրը Երևանում կլինի մեծ հանրահավաք, որից հետո երթ: Հաջորդ օրվանից կշարունակենք մարզային այցելությունները և կավարտենք դրանք դեկտեմբերի 20-ին Գյումրիում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում