ԲՀԿ-ն կիսաիշխանություն է. Արզումանյան

ԲՀԿ-ն կիսաիշխանություն է. Արզումանյան

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ևս միացել է ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին՝ հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար:

Սահմանադրական փոփոխություններին կողմ պատգամավորը ստորագրահավաքն առողջ գործընթաց է համարում, ուստիև միացել է, բայց նախաձեռնության հաջող ելքին չի հավատում

«Չեմ կարծում, որ այս նախաձեռնությունը  հաջողության կհասնի, սակայն համարում եմ, որ սա առողջ գործընթաց է: Ցանկացած քննարկում ժողովրդավարության դրսևորում է»,- լրագրողների հետ զրույցում նշեց Արզումանյանը:

Հարցին՝ ինչո՞ւ ընդդիմադիր ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն չեն միանում ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին, Ալեքսանդր Արզումանյանն ասաց. «ԲՀԿ-ն երբեք ընդդիմադիր դաշտում չի գործել: ԲՀԿ-ն եղել է չիշխանություն, ես իրենց այդպես եմ կոչել: Հիմա էլ գուցե կիսաիշխանություն է: Իսկ ՀՅԴ-ն սկզբունքորեն պաշտպանում է իր 25 տարվա մոտեցումը: Այն, որ այս Սահմանադրությունը բխում է ՀՅԴ գաղափարախոսությունից, դա անհերքելի է»,- եզրափակեց Արզումանյանը:

Հանրաքվեի արդյունքները վիճարկելու հարցով ՍԴ դիմելու համար ՀԱԿ-ի նախաձեռնած ստորագրահավաքին միացել է ՕԵԿ խմբակցությունը, պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թևան Պողոսյանը, Էդմոն Մարուքյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը: Նախաձեռնությանն առայժմ չեն միացել ՀԱԿ խմբակցության պատգամավորներ Լյուդմիլա Սարգսյանը և Հրանտ Բագրատյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում