ՌԴ օդուժը ոչնչացրել է սիրիական ընդդիմության հայտնաբերած ԻՊ-ի ռազմաբազան և 320 զինյալ

Նմանատիպ
Վերջին մեկ օրում Սիրիայում ռուսական ավիախումբը կատարել է 59 մարտական թռիչք՝ թիրախավորելով Հալեպում, Իդլիբում, Լաթաքիայում, Ռաքքայում, Համայում, Հոմսում գտնվող ԻՊ-ի 212 օբյեկտ:
ՌԴ պաշտպանական գերատեսչությունից հայտնում են, որ ահաբեկիչները կրել են և մարդկային, և նյութական կորուստներ: Մասնավորապես՝ ոչնչացվել է ավելի քան 320 զինյալ, 34 միավոր զրահապատ և ավտոմոբիլային տեխնիկա, այդ թվում՝ 2 տանկ, 1 ԲՄՊ, 15 ջիպ: Իսկ ԻՊ-ի ֆինանսական աղբյուրների վերացման նպատակով ռուսական Սու-34 ռմբակոծիչը Դեյր Զորում ոչնչացրել է 94 վառելիքատար, իսկ Հասեկե շրջանում՝ 15 նավթատարից բաղկացած շարասյուն:
Արդեն Հալեպում Սու-24 ռմբակոծիչը ԻՊ-ի 10 զինյալ և խոշոր տրամաչափի գնդացիրներով զինված 3 ավտոմեքենա է ոչնչացրել, Հոմսում՝ ահաբեկիչների քողարկված բազան: ԻՊ-ի ստորգետնյա թաքստոցներում հայտնաբերվել է հրամանատարական կետ, զինամթերքի պահեստ և զորանոց, որոնք ոչնչացվել են ԲԵՏԱԲ-500 ավիառումբերի գործադրմամբ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Իդլիբում ևս Սու-25 գրոհիչի միջոցով ռազմաբազա է ոչնչացվել:
«Այդ օբյեկտի տեղակայման մասին վկայությունները մենք ստացել ենք սիրիական ընդդիմությունից։ Բաղդադի տեղեկատվական կենտրոնի միջոցով տեղեկությունը ստուգելուց և բազայի կոորդինատները ճշտելուց հետո Սու-25 գրոհիչի հարվածից նշված բազան ոչնչացվել է»,-տեղեկացնում են ռազմական գերատեսչությունից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում