Ամեն ինչ վերահսկվում է. Ինչպե՞ս է Շվայնշտայգերն ապրում Մանչեսթերում

Ամեն ինչ վերահսկվում է. Ինչպե՞ս է Շվայնշտայգերն ապրում Մանչեսթերում

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը «Sport-magazine»-ին տված հարցազրույցում պատմել է Լուի վան Գալի հետ հարաբերությունների, Մանչեսթերի կյանքի և այլնի մասին: Հրապարակման թարգմանությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

***

Բաստիան Շվայնշտայգերը փորձում է ճիշտ խոսքեր գտնել: Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ ԲԿՄԱ-ի հետ հանդիպման հաջորդ առավոտն էր: Գերմանացի կիսապաշտպանը նստած էր «Օլդ Թրաֆֆորդի» տնօրինության օթյակում՝ կաշվե բազմոցին: 

«Ինձ համար Չեմպիոնների լիգան ինչ-որ յուրահատուկ բան է: Անգլիայի առաջնության խաղերն, իհարկե, պակաս կարևոր չեն, բայց ինչ-որ բան կա երեկոյան խաղերում, որ սկսվում են ՉԼ-ի օրհներգի ներքո: Նման պահերին լրացուցիչ խթան ես զգում»,-խոստովանում է կիսապաշտպանը, ով 2013-ին «Բավարիայի» կազմում հաղթել է մրցաշարի եզրափակչում:

Այստեղից տեսնում ենք տրիբունաները, որտեղից անընդհատ լսվում է «Հարձակում: Հարձակում» բացականչությունը: Նման բացականչությունները սկսել են կերպարանավորել Լուի վան Գալի ղեկավարած սերունդը:

«Կարծում եմ, որ նա իր փիլիսոփայությունն ունի: Մենք խաղից խաղ փորձում ենք ավելի լավը դառնալ, բայց դա այնքան էլ հեշտ չէ, երբ հակառակորդը 10 հոգով պաշտպանվում է դաշտի իր կեսում: Մենք պետք է ելք գտնենք, ճիշտ պահ գտնենք, որ…»:

Նա լռում է:

-Արա՞գ խաղաք,-փորձում ենք օգնել:
-Արագ: Այո’: Այդպես:

Պարոն Հանգստություն

31-ամյա կիսապաշտպանի խաղին հետևելով՝ պարզ է դառնում, որ նա այն նույն վարպետն է, ում ճանաչում ենք «Բավարիայից»: Շվայնշտայգերը դիրիժոր է, առաջնորդ: Նրանից է կախված «Մանչեսթեր Յունայթեդի» խաղի տեմպը, իսկ թիմակիցներն արդեն հասցրել են նրան «Պարոն Հանգստություն» կոչել:

«Պահեր են լինում, երբ պետք է արագ խաղալ, բայց միևնույն ժամանակ պետք է բոլորին ներշնչել, որ ամեն ինչ վերահսկվում է: Չեմ սիրում, երբ խաղի մեջ շտապողականությունը շատ է: Գուցե հենց դրա համար եմ կեղծանունս ստացել, բայց ամբողջ խնդիրն այն է, որ կողքից հանգիստ է թվում, երբ վերահսկում եմ պահը, բայց իրականում ամեն ինչ այլ է: Ուղեղս ու աչքերս աշխատում են առանց հոգնելու»:

Նոր պատասխանատվություն

Բաստիան Շվայնշտայգերը ծնվել է Մյունխենից 80 կմ հեռավորության վրա գտնվող փոքրիկ գյուղում՝ Օմբերաուդորֆում: Ֆուտբոլի մասին նրա առաջին հիշողությունները կապված են եղբոր՝ Տոբիասի հետ, ում հետ նա հաճախ էր բակում խաղում: Հիմա Տոբիասը «Բավարիայի» մինչ 17 տարեկանների թիմի մարզչի օգնականն է: Բաստիանը ջերմությամբ է հիշում Մունդիալ 1990-ի եզրափակիչը, երբ Իտալիայում հաղթեց Արևմտյան Գերմանիան: Ի դեպ, մանկության տարիներին նրան դահուկներն ավելի են հետաքրքրել:

«Չմոռանաք, որ ես մեծացել եմ Ավստրիայի սահմանին մոտ գյուղում, որտեղ դահուկասպորտը շատ տարածված է: Դեռ մանուկ հասակում ստիպված եմ եղել ընտրել դահուկների և ֆուտբոլի միջև»:

Ընտրություն կատարելը հեշտ չէր. պատանի Շվայնշտայգերը հաջողակ դահուկորդ էր, ով շատ անգամներ կարողացել էր հաղթել մանկության ընկերոջը՝ Ֆելիքս Նոյրոյտերին, ով 2013-ին արծաթե մեդալ է նվաճել Աշխարհի առաջնությունում:

«Երբ 14 տարեկան էի, «Բավարիայից» առաջարկ ստացա: Այդ ժամանակ ստիպված էի ընտրություն կատարել երկու մարզաձևերի միջև: Ես տեղափոխվեցի Մյունխեն ու այդ ժամանակ սկսվեց ֆուտբոլային կարիերաս»:

Երբ Բաստիանը Մյունխեն տեղափոխվեց, «Բավարիան» նոր էր նվաճել ՉԼ-ի գավաթը: Նա առաջին 3 մրցաշրջանում խաղում էր կամ եզրայինի, կամ հարձակողական ոճի կիսապաշտպանի դիրքում, բայց ամեն բան փոխվեց, երբ 2009-ին թիմը սկսեց մարզել Լուի վան Գալը:

«Իմ թիմում նա ձախ եզրայինի դերին չէր համապատասխանում: Երբ նոր ակումբ եմ տեղափոխվում, յուրաքանչյուրի հետ իր դիրքից եմ խոսում, բնավորությունից, թիմից ու խաղընկերների հետ փոխհարաբերություններից: Բաստիանին միանգամից ասացի, որ նա կիսապաշտպանությունում է խաղալու»,-հիշում է Լուի վան Գալը:

Մնացածը՝ պատմություն

«Հենց նա է ինձ կիսապաշտպանության կենտրոնում նշանակել: Դա կարևոր պահ էր իմ կարիերայում»,-ասում է Շվայնշտայգերը, ով իր նոր դիրքում դարձավ աշխարհում լավագույններից մեկը:

Լուի վան Գալի գլխավորությամբ ոչ միայն Բաստիանի խաղային դիրքը փոխվեց, այլև պահվածքը: Նոր դիրքի հետ Բաստիանը նոր պատասխանատվություն վերցրեց ուսերին:

«Լուի վան Գալի հետ զրույցները շատ բան կարող են սովորեցնել: Որևէ մեկը չի թաքցնում, որ այս դիրքը մեծ պատասխանատվություն է ենթադրում: Որքան մեծանում ես՝ այնքան փորձդ շատանում է, և փոխվում է աշխարհայացքդ»:

Նոր մարտահրավեր

Մունդիալ-2014-ի եզրափակիչ խաղի ավարտին 13 րոպե էր մնացել, սակայն Շվայնշտայգերը խաղադաշտի սահմաններից դուրս էր: Նրա դեմքն արյունոտ էր, իսկ բժիշկներն աշխատում էին հնարավորինս արագ:

«Այնքան շատ էր ադրենալինը, որ գրեթե ոչինչ չէի զգում: Պատրաստ էի հանդուրժել իմ նկատմամբ իրականացվող խախտումները, միայն թե խուսափեինք 11-մետրանոց հարվածաշարից»:

Հանդիպումն ավարտվեց 1:0 հաղթական հաշվով ու դարձավ Շվայնշտայգերի կարիերայի կարևորագույն խաղերից մեկը: Նա 15 կմ վազեց՝ բոլորից շատ: Նման փորձությունն անհետևանք չանցավ ու կիսապաշտպանը «Բավարիա» վերադարձավ միայն անցյալ տարվա դեկտեմբերին: Վերջին տարիները պրոբլեմատիկ էին. ծնկի հաճախակի վնասվածքներ, որ նրան դուրս էին թողնում պայքարից ու ստիպում ամեն ինչ նոր էջից սկսել:

Երբ 2011-ին Լուի վան Գալը լքեց Մյունխենը, նա գրեթե չէր շփվում Շվայնշտայգերի հետ, բայց վերջինս ժամանակ գտավ SMS հաղորդագրությամբ շնորհավորելու նրան՝ Հոլանդիայի հավաքականի Մունդիալ 2014-ի կիսաեզրափակիչ հասնելու համար: Շվայնշտայգերը վստահեցնում է, որ Լուի վան Գալը չէ նրան Մանչեսթեր տարել:

«Թեև, իհարկե, ինձ համար ավելի հեշտ էր հարմարվել այստեղ, քանի որ ես գիտեմ՝ ինչպիսին է նա, ինչպես է աշխատում»:

Թագավոր Էրիկը

Մարդն, ով ազդեցություն ունեցավ Շվայնշտայգերի տեղափոխության վրա ոչ թե Լուի վան Գալն էր, այլ Էրիկ Կանտոնան: Բաստիանը դեռ վաղ մանկությունից երկրպագում էր ֆրանսիացուն:

«Նա յուրօրինակ էր: Նա համաշխարհային մակարդակի խաղացողի որակներ ուներ: Նա միշտ ցանկանում էր հաղթել, և հաղթողի բնավորություն ուներ»,-ասում է Բաստիանը:

Տեղափոխությունից հետո Շվայնշտայգերի սկսել է հարմարվել նաև անգլիական հումորին. «Անգլիացիները յուրահատուկ հումոր ունեն: Ես դա հանդերձարանում եմ հասկացել: Ձեռքերիս ուտելիքով լցված երկու ափսե կար, ու տղաներից մեկը մոտեցավ, հարցրեց. «Բաստիան, ժամը քանի՞սն է»: Նա հույս ուներ, որ ես բնազդաբար կնայեմ ժամացույցին»:

«Յունայթեդի» կազմում Բաստիանի խաղերը ցույց են տալիս, որ նոր ակումբում նա կարողացել է կարճ ժամանակում գտնել իրեն:

«Ինձ համար շատ հեշտ էր: Հանդերձարանւմ հանալի մթնոլորտ է՝ բոլորն ընկերական են, թիմային ոգի ունեն: Մարդիկ այստեղ ինձ շատ են օգնել, այնպես որ՝ անցավ է անցել հարմարվելու փուլը: Ես 31 տարեկան եմ, ոչ թե 20 ու բախտս դրանում բերել է: Շատերն ինձ հարգանքով են վերաբերել, ինչն էլ թեթևացրել է հոգսս»:

Բաստիան Շվայնշտայգերն իրեն թիմի առաջատար չի համարում. «Մենք Ուեյն Ռունի, Մայքլ Կարիկ, Քրիս Սմոլինգ ունենք. նրանք բոլորը փորձառու են և անհրաժեշտ թիմին: Փորձում եմ օգնել նրանց: Ես 20 տարեկան չեմ, այնպես որ՝ գիտեմ, թե ինչպիսին եմ: Ես պարզապես ուզում եմ օգնել: Երբեմն ջանում եմ ղեկավարել, բայց ինձ առաջնորդ չէի կոչի»:

Քչերն են կասկածի տակ դնում Շվայնշտայգերի՝ առաջնորդին հատուկ որակները: Նա խաղընկերներին ցույց է տալիս ինչ անել, ու բղավում է, եթե դրա կարիքը կա, սակայն վստահեցնում է, որ դրանք հրամաններ չեն, այլ առաջարկներ:

«Իմ դիրքում առանց դրա հնարավոր չէ, բայց ես միակը չեմ: Մեր ֆուտբոլիստներից շատերն են իրենց այդպես պահում: Ես շատ փորձ ունեմ, ամեն դեպքում խաղացել եմ Մունդիալի և Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում: Դա այլ մակարդակ է, որտեղ շատ բան կարելի է սովորել»:

Բաստիանի պայմանագիրը 3 տարով է կնքված ու նա իր նպատակներում Չեմպիոնների լիգայի առնվազն մեկ եզրափակիչ է տեսնում, իսկ Եվրո 2016-ում մտադիր է ավագի թևկապով հաղթել Գերմանիայի հավաքականի կազմում:

Իսկ հետո… Ո՞վ գիտե: Շվայնշտայգերը հիմք է, որի վրա «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հաղթող թիմ կառուցել: Նա էլ, ինչպես միշտ, չի շտապում…

Հետևեք մեզ նաև Telegram-ում