Կառավարությունը հաստատեց հոգեկան խնդիրներ ունեցողներին ծառայությունների մատուցման նոր կարգ

Կառավարությունը հաստատեց հոգեկան խնդիրներ ունեցողներին ծառայությունների մատուցման նոր կարգ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարգավորում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները շուրջօրյա խնամքի տներում: Այդ նպատակով կառավարությունը հավանություն տվեց շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական սպասարկման այլընտրանքային ծառայությունների տրամադրման կարգին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրավական ակտի ընդունման արդյունքում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տրամադրվող այլընտրանքային ծառայությունների ոլորտում, մասնավորապես ոչ պետական կազմակերպությունների կողմից ստեղծված շուրջօրյա խնամքի տների գործունեության պարագայում կունենանք օրենսդրական կարգավորում, ինչը մինչ օրս բաց էր մնացել:

«Իրավական ակտի ընդունումը կստեղծի անհրաժեշտ նախապայմաններ՝ հոգեբուժական խոշոր հաստատությունների և բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների որոշակի բեռնաթափման համար, թույլ կտա այդ հաստատություններն աստիճանաբար փոխարինել այլընտրանքային ծառայություններով»,- ասաց նախարարը:

Հաստատվող կարգով սահմանվում են շուրջօրյա խնամքի տան հասկացությունը, շուրջօրյա խնամքի տներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի տրամադրման նպատակը և սկզբունքները, շուրջօրյա խնամքի տներին ներկայացվող ընդհանուր պահանջները, կարգավորվում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց ընդունելության և դուրսգրման, խնամքի և սոցիալական այլ ծառայությունների տրամադրման, ինչպես նաև նրանց սոցիալական ներառմանն աջակցելու հետ կապված հարաբերությունները:

Ներկայում հոգեկան առողջության պահպանման, վերականգնման և խնամքի ծառայությունների տրամադրմանն ուղղված ծրագրեր են իրականացվում ինչպես Հայաստանի Հանրապետության առողջապահության, այնպես էլ սոցիալական պաշտպանության ոլորտում: ՀՀ-ում հոգեկան առողջության ոլորտում գործում են շուրջօրյա խնամքի ծառայություններ մատուցող վեց և ցերեկային խնամքի ծառայություններ մատուցող երեք կենտրոններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում