Թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»՝ խոցելով ռուսական Սու-24-ը. Պուտին. Ուղիղ

Թուրքական ղեկավարությունում մեկը ցանկացել է «լիզել ամերիկացիների համապատասխան տեղը»՝ խոցելով  ռուսական Սու-24-ը. Պուտին. Ուղիղ

Նոյեմբերի 24-ին Թուրքիայի իշխանությունների գործողությունը բարեկամական քայլ չէր, այլ թշնամական ակտ: Այս մասին  մեծ ասուլիսին հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն` ակնարկելով, թե Թուրքիային թվում էր Ռուսաստանը  Սու-24-ի խոցումից հետո կհեռանար Սիրիայից, բայց «մենք այդ երկիրը չենք»:

«Հիմա այնտեղ С-400 կա, դե թող հիմա էլ թռնեն», — շեշտել է Պուտինը և շարունակել. «Մեզ հատկապես վրդովեցրել է այն, որ եթե դա դժբախտ պատահար էր, ինչպես ավելի ուշ լսեցինք թուրքական իշխանություններից, իսկ նման դեպքում ի՞նչ են անում` անմիջապես վերցնում են հեռախոսը և բացատրվում: Դրա փոխարեն անմիջապես վազեցին Բրյուսել՝ տեսե՜ք, մեզ վիրավորում են: Սկսեցին թաքնվել ՆԱՏՕ-ի հետևում, իսկ նրանց դա պետք չէր»,– շեշտել է Պուտինը և թուրքական լրատվամիջոցների հարցերին ի պատասխան հավելել, թե չգիտի այստեղ երրորդ երկրի «մատը խա՞ռն էր», հետո ակնարկել.«Եթե թուրքական ղեկավարությունում մեկը որոշել է ամերիկացիների համապատասխան տեղը լիզել, չգիտեմ՝ ճի՞շտ էր դա, հարկավո՞ր էր դա ամերիկացիներին»:

Միաժամանակ այս համատեքստում Պուտինը չի բացառել, որ Անկարայի և Վաշինգտոնի միջև կարող էր պայմանավորվածություն լինել, թե «մենք այստեղ կկործանենք ռուսական ինքնաթիռը, իսկ դուք աչք կփակեք մեր Իրաք ներխուժման և երկրի տարածքի մի հատվածի օկուպացիայի վրա»: 

Ռուսական պետության ղեկավարը պնդել է, թե Թուրքիայի ներկայիս իշխանությունների հետ  անհնար է պայմանավորվել, որովհետև ամեն անգամ երբ նրանց ինչ-որ հարցում «այո» են ասում, թիկունքից թուրքական կողմը հարված է հասցնում, ընդ որում՝ անհասկանալի պատճառներով: Ըստ այդմ` ներկա պահին Թուրքիայի հետ հարաբերություններ  բարելավելու նախադրյալներ  չկան: 

Անդրադառնալով Սիրիայում ռուսական օդուժի գործողություններին, Պուտինը վստահեցրեց, որ իրենց ավիագործողությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական կառավարական ուժերը և Ազատ բանակը ԻՊ-ի դեմ հարձակողական գործողություններ կիրականացնեն. «Չենք պատրաստվում առավել սիրիացի լինել, քան իրենք՝ սիրիացիները: Կաջակցենք նրանց մինչև քաղաքական գործընթացի սկիզբը: Իսկ սիրիական խնդրի կարգավորման այլ ճանապարհ չկա, քան քաղաքականը, այդ առումով ռուսական ծրագիրը գրեթե համընկնում է ամերիկյանի հետ»:

Ինչ վերաբերում է ներկա իրավիճակում Սիրիայում ռուսական ռազմաբազա տեղակայելու նպատակահարմարությանը,  ՌԴ նախագահը շեշտեց.«Եթե մեզ պետք լինի մեկին բռնել, մենք առանց դրա էլ դա կանենք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում