Կարեն Ավագյանն ադրբեջանական դիվերսիան նախագահների հանդիպմանն ընդառաջ ստոր քայլ է համարում

Կարեն Ավագյանն ադրբեջանական դիվերսիան նախագահների հանդիպմանն ընդառաջ ստոր քայլ է համարում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանն ադրբեջանական հերթական դիվերսիան համարում է Ադրբեջանի հերթական ստոր քայլը նախագահների հանդիպմանն ընդառաջ: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորը նկատեց, որ Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ձեռք բերված կարևոր պայմանավորվածություններին և գործընթացներին ընդառաջ միշտ էլ փորձում է սահմանին լարվածություն առաջացնել: «Ադրբեջանի ստոր պահվածքը նորություն չէ: Եթե հիշում եք, Մինսկի խմբի շրջանակում հստակ պայմանավորվածություններից առաջ և հետո Ադրբեջանը սահմանին արհեստական լարվածություն ստեղծում է: Եվ դիվերսիայի փորձը, որը նախաձեռնել է Ադրբեջանը, հերթական ստոր քայլն է նախագահների հանդիպումից առաջ»,- նշեց պատգամավորը:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիք կա Սարգսյան-Ալիև առաջիկա հանդիպումից, պատգամավորը պատասխանեց. «Նման հանդիպումների նպատակը ոչ թե հստակ պայմանավորվածություններն են, այլ այն գործընթացների շարունակականությունը, որոնց մասին մենք բազմաթիվ անգամներ խոսում ենք, որոնց մասին պարբերաբար խոսում են Մինսկի խմբի համանախագահող երկրները և դրանց ղեկավարները: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք Ադրբեջանին ստիպել նման հանդիպումներից հետո վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և ընդունել այն ձևակերպումները, որոնք ներկայացվել են Մինսկի խմբի համանախագահող երկրների և դրանց ղեկավարների կողմից»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում