Թերապևտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարն անցկացվելու է Հայաստանում

Թերապևտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարն անցկացվելու է Հայաստանում

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ընդունել է Թերապևտների եվրասիական ասոցիացիայի նախագահ Գրիգորի Հարությունովին: Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, հյուրը նախարարին է ներկայացրել իրենց մասնագիտական միավորման կողմից իրականացված աշխատանքները: Նա տեղեկացրել է, որ ասոցիացիան ցանկություն ունի 2016թ. սկզբին Թերապևտների եվրասիական ասոցիացիայի երկրորդ համագումարն անցկացնել Հայաստանում:

Ասոցիացիայի նախագահի խոսքով` անցկացման դեպքում այս միջոցառումը հնարավորություն կտա տարբեր երկրների մասնակիցներին քննարկել մասնագիտական արդիական հարցեր, ինչպես նաև համագործակցության նոր ծրագրեր մշակել: Նախարարը հավանության է արժանացրել համագումարի անցկացան գաղափարը: Նա նշել է, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունմամբ մեր երկրում ստեղծվելու է հավաստագրման կենտրոն, և հավաստագրման հանձնաժողովը կազմակերպվող ոլորտային մասնագիտական միջոցառումների համար կրեդիտներ է սահմանելու:

Հաշվի առնելով բուժաշխատողների շարունակական մասնագիտական զարգացման ապահովման ոլորտում իրականացվող բարեփոխումները, Արմեն Մուրադյանը միջոցառման անցկացումը կարևորել է առաջին հերթին ձեռք բերված գիտելիքների և մասնագիտական հմտությունների համար շնորհվող կրեդիտների, ինչպես նաև թերապիայի որպես մասնագիտություն զարգացման տեսանկյունից: Գրիգորի Հարությունովը նախարարին է ներկայացրել նաև «Եվրասիական ամսագիրը»: Միջազգային չափանիշներին համապատասխան այս հրատարակությունը նվիրված է բժշկության արդի հարցերին: Հանդիպման ընթացքում քննա րկվել են նաև համագործակցության այլ հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում