Արամ Ավագյան. Ամենակարևորն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է

Նմանատիպ
2015 թվականը ծանրաբեռնված տարի էր բռնցքամարտի Հայաստանի հավաքականի համար: Հայ բռնցքամարտիկները միջազգային մրցաշարերին զուգահեռ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում մասնակցեցին առաջին Եվրոպական խաղերին, հետո մեկնեցին Բուլղարիա՝ Եվրոպայի առաջնությանը, որտեղ մեր ընտրանու միակ մեդալը նվաճեց 56 կգ քաշային Արամ Ավագյանը, իսկ հետո Դոհայում կայացավ աշխարհի առաջնությունը:
Sport Times.am-ի հետ զրույցում Արամ Ավագյանն ամփոփել է տարին, հիշել է, թե ինչպես է փոքր ժամանակ սպասել ամանորյա նվերներին, բայց մեծանալով սկսել է այդքան էլ չսիրել այս տոնը:
Այս տարին
-Տարին բարդ ստացվեց: Այնպես չէր եղել, որ մրցաշարերը, որոնց մասնակցեցի, այս տարվա պես հաջորդեին իրար. առնվազն 2 ամսվա դադար էր եղել: Եվրոպայի առաջնության ժամանակ մարզավիճակիս գագաթնակետին էի, իսկ աշխարհի առաջնության ժամանակ հոգնածությունը զգացնել տվեց: Իմ կարծիքով՝ ծանրաբեռնվածությունը հիմնականում վատ ազդեց աշխարհի առաջնության արդյունքի վրա, որը թերևս ամենակարևորն էր, քանի որ կարող էի օլիմպիական վարկանիշ ձեռք բերել: Հոգնածությունն իր գործն արեց, և ֆիզիկական պատրաստվածությունս չներեց, որ կարողանամ այդ ստուգատեսում էլ լավ հանդես գալ: Ինձ համար շատ կարևոր էր աշխարհի առաջնությունից օլիմպիական վարկանիշ ձեռք բերելը: Մեդալի մասին էլ չեմ ասում, քանի որ մեր պարագայում հենց մեդալն էր վարկանիշ տալիս:
Տարվա ձեռքբերումը
-Այս տարվա իմ ամենակարևոր ձեռքբերումը, կարծում եմ, Հայաստանի չեմպիոնի կոչումն էր և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Հայաստանի առաջնության չեմպիոնի կոչումը շատ կարևոր էր, քանի որ նորից հետ էի գալիս նախկին՝ 56 կգ քաշային կարգ:
Անկեղծ ասած՝ տեղյակ չէի, որ պետք է առաջնության ժամանակ 56 կգ քաշային կարգում հանդես գամ: Ինձ տեղափոխել էին 60 կգ քաշային կարգ և այդ քաշային կարգում պետք է փորձեի նվաճել օլիմպիական խաղերի ուղեգիր: Հայաստանի առաջնությունից մոտ 12 օր առաջ ասացին, որ պետք է վերադառնամ նախկին քաշային կարգ: Մինչ այդ նման փորձ չէի ունեցել. 12 օրում 6-7 կգ քաշ «գցել»: Ես այդ գործընթացը սկսում եմ 35 օր առաջ, որպեսզի հեշտ լինի, բայց փաստորեն կարողացա 12 օրում էլ նույնն անել և Հայաստանի առաջնությունում լավագույնս հանդես գալ (ժպտում է):
2015 թվականի Հայաստանի լավագույն մարզիկը
-Միանշանակ կարող եմ ասել, որ Արթուր Ալեքսանյանն է՝ աշխարհի կրկնակի չեմպիոնը: Գովելի է, որ մենք նման մարզիկ ունենք: Ինչ վերաբերում է 10 լավագույնին, կարծում եմ, յուրաքանչյուր մարզիկ ցանկանում է տարվա ընթացքում այնպիսի արդյունքներ ունենալ, որ այդ տասնյակի մեջ հայտնվի: Դրան ձգտում եմ ես և շատերը:
Ամանորը
-Երբ փոքր էի, Ամանորը շատ էի սիրում: Այդ տարիքում պատկերացումներն ուրիշ են և Ձմեռ պապու նկատմամբ հավատ կա, իսկ երբ մեծանում ես, հասկանում ես՝ Ամանորի հրաշքը ստեղծողները ծնողներդ են, ովքեր Ձմեռ պապու գաղափարի միջոցով փորձում են իրականցնել մանկական երազանքներդ ու ցանկություններդ:
Երբ մեծացա…
-Երբ հասունացա սկսեցի այդքան էլ չսիրել Նոր տարին, մեր ազգի մտահոգ վիճակն այդ տոնի ընթացքում: Հայերս այդպիսի բնավորություն ունենք՝ կապ չունի, թե ֆինանսական ինչ վիճակում ենք, սեղանը պետք է սովորականից տարբերվի ու ճոխ լինի: Ծնողներն ուզում են, որ երեխաներն այդ օրերին իրենց լավ զգան: Ամանորին հիմնականում ուրախացնում եմ ինձ շատ մտերիմ ու հարազատ մարդկանց՝ նվերներ մատուցելով:
Նվերները
-Փոքր ժամանակ նվերներ հիմնականում ուզում էի՝ հավատալով Ձմեռ պապու գոյությանը: Դե գիտեք՝ բոլորիս ծնողները այնպես են ներկայացնում, որ հավատում ենք նրա գոյությանը: Ես մինչև 8-9 տարեկան հավատացել եմ, ու չի եղել ինչ-որ բան, որ ուզեմ Ամանորին և չունենամ: Հիշում եմ, թե ինչպես էինք գնում խանութ, հայրս նկատում էր, որ ինչ-որ բան է դուրս եկել և հարցնում էր. «Այ սրանից ես չէ՞ ուզում: Կասենք թող Ձմեռ պապին այս տարի քեզ դրանից բերի»: Եվ Ամանորի գիշերը նվերը հայտնվում էր բարձիս տակ:
Այս Նոր տարին…
-Այս Ամանորը սովորականից տարբերվելու, քանի որ ծնողներս Հայաստանում չեն, և ես մենակ եմ դիմավորելու: Անպայման ընկերուհուս նվեր կանեմ: Քույրիկիս նույնպես նվեր կգնեմ. առաջին տարին է, որ նա մեր տանը չի լինելու Ամանորին, ամուսնացել է:
Լավագույն մարզիկները համաշխարհային սպորտում
-Ինձ համար աշխարհում և բռնցքամարտում թիվ մեկ աստղը Ֆլոյդ Մեյվեյզերն է, իսկ ֆուտբոլիստներից Կրիշտիանու Ռոնալդուն է լավագույնը: Ես «Ռեալ Մադրիդի» երկրպագու եմ, իսկ Ռոնալդուն անփոխարինելի է թիմի համար և կարիերայի լավագույն տարիներն է անցկացնում:
Խոստումներ…
-Չեմ ուզում առաջ ընկնել և խոստումներ տալ: Յուրաքանչյուր գործ սկսելուց առաջ ես արդեն ինձ պատկերացնում եմ վերջում ամենաբարձր կետին կանգնած: Այս պահին ամենակարևորն օլիմպիական վարկանիշ ձեռք բերելն է. երբ դա տեղի ունենա, կհանդիպենք Ռիո մեկնելուց առաջ, և կգա խոստումներ տալու ժամանակը:
Լուսանկարները՝ Ալեքս Քոչարյանի
Տեքստը՝ Հասմիկ Գրիգորյանի