ՀՀ նախագահն է վարել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը

Նմանատիպ
Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին Մոսկվայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հյուրընկալող երկրի` Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը նստաշրջանի սկզբում ողջույնի խոսք է հղել մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք, որից հետո նստաշրջանը վարել է ՀԱՊԿ-ում նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:
Բանակցություններն այժմ ընթանում են նեղ կազմով՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հայաստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահների և Կազմակերպության գլխավոր քարտուղարի մասնակցությամբ, որից հետո ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները նիստը կշարունակեն ընդլայնված ձևաչափով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում ստորագրման են նախատեսված մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների հայտարարությունը՝ միջազգային ահաբեկչությանը հակազդելու մասին, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի մասին», «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտապես գործող աշխատանքային մարմինների պաշտոնատար անձանց ռոտացիայի մասին» որոշումների նախագծերը:
Օրակարգի շրջանակներում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները մտքեր կփոխանակեն աշխարհում ընթացիկ իրավիճակի և Կազմակերպության հետագա գործողությունների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում