Հենրիխ Մխիթարյան. Պետք է շարունակեմ առաջընթաց գրանցել

Նմանատիպ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ակումբի մամուլի ծառայությունը տված հարցազրույցում նշել է, որ չի պատրաստվում բավարարվել ընթացիկ մրցաշրջանում գրանցած առաջընթացով:
-Երջանիկ եմ, որ Դորտմունդի «Բորուսսիայի» մի մասնիկն եմ: Ձգտում եմ ցուցադրել այն խաղը, որն ինձանից սպասում են: Ցանկանում եմ առավելագույն ձևով օգնել թիմին, ամեն ինչ դեռ լավ է ընթանում: Այս տարի հաջողությունը կողքիս է՝ գոլեր եմ խփել, գոլային փոխանցում կատարել, ինչի համար շատ ուրախ եմ: Հիմա ամեն ինչ լավ է, բայց պետք չէ բավարարվել այսքանով: Ես պետք է շարունակեմ առաջընթաց գրանցել, որպեսզի ավելի շատ գոլեր խփեմ և արդյունավետ փոխանցումներ կատարեմ. դա օգտակար է ինչպես թիմի համար, այնպես էլ ինձ: Ցանկանում եմ տեսնել ամենօրյա աշխատանքի արդյունքը:
Այս մրցաշրջանում մենք նոր մարզիչ ունենք, նոր փիլիսոփայություն և նոր խաղաոճ: Փորձում ենք անել այն ամենը, ինչը մեզանից պահանջում և սպասում են: Ուրախ ենք, որ ստացվում է կատարել մարզչի առաջադրանքները: Մեր նպատակն է Բունդեսլիգայում լավագույն եռյակում տեղ ունենալը, քանի որ ցանկանում ենք խաղալ Չեմպիոնների լիգայում. այն ավելի ուժեղ մրցաշար է, քան Եվրոպայի լիգան: Եթե Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճենք, կփորձենք հնարավորինս երկար ճանապարհ անցնել այդ մրցաշարում,-ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք նաև, որ «Բորուսսիայի» ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում