«Հրապարակ». Հայկական կողմը բավականին վրդովված է Ուորլիքի թվիթերյան գրառումից

«Հրապարակ». Հայկական կողմը բավականին վրդովված է Ուորլիքի թվիթերյան գրառումից

Անդրադառանալով Սարգսյան-Ալիև նախօրեին կայացած հանդիպմանը, «Հրապարակ»-ը գրել է. «Ալիևը Բեռնի հանդիպմանն է գնացել «զրո» լրագրողներով և նույնպիսի պայման է դրել եռանախագահների առաջ` «զրո» լրագրողներ բոլոր կողմերից: Իր երկրում ներիշխանական լուրջ զտումներ իրականացնող Ալիևը խիստ կոմպլեքսավորված է դեռ փարիզյան հանդիպման օրերից, երբ «Ֆրանս-2» հեռուստաընկերության աշխատակիցը նրան հարցեր էր ուղղել Ադրբեջանում խոսքի ազատության և քաղբանտարկյալների, Լեյլա Յունուսին առնչվող: Ալիևը հանդիպման է գնացել ընդամենը իր «լիչնիկների»` օպերատորների և լուսանկարչի հետ:

Եվ Բեռն մեկնած հայաստանյան բավականին պատկառելի լրագրակազմին այլ բան չի մնացել, քան «հանգստանալ» հյուրանոցում` մինչ հանդիպումից կվերադառնան և հարցազրույցներ կտան Էդուարդ Նալբանդյանը և Սերժ Սարգսյանը, վերջինս «օֆ դը ռեկորդ»` ինքնաթիռի սրահում:

Ի դեպ, հայկական կողմը բավականին վրդովված է եղել Ուորլիքի Թվիթերում կատարած գրառումից, թե «Հայաստան-Ադրբեջան վեհաժողովը եզրափակվեց 2016 թվականի համար բաժակաճառով՝ աշխատել բանակցությունների միջոցով կարգավորման ուղղությամբ», որից «աշխարհը կարող էր տպավորություն ստանալ», թե Բեռնում հավաքվել էին «կենաց ասելու», երբ իրականում բավականին բարդ ու դժվար բանակցություններ են ընթացել այնտեղ` գրեթե «զրո» առաջխաղացմամբ: Իսկ բանը եղել է այսպես. «տետ ա տետ» բանակցող Սարգսյանին և Ալիևին վերջին պահին միացած համանախագահներն առաջարկել են Սուրբ ծննդյան նախաշեմին մեկ բաժակ վիսկի չխմե՞նք: «Խմենք»,- արձագանքել են կողմերը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում