Անդունդից բարձունք տանող ճանապարհը. Ի՞նչ պետք է իմանալ Ջեյմի Վարդիի մասին

Անդունդից բարձունք տանող ճանապարհը. Ի՞նչ պետք է իմանալ Ջեյմի Վարդիի մասին

Ջեյմի Վարդի անունը վերջին ամիսներին հայտնի դարձավ բոլորին: Պրեմիեր լիգայի 24 տուրերի արդյունքում լավագույն ռմբարկուն «Լեսթերի» մարմնավորումն է, թիմի առաջատարներից մեկը, ով վերջապես դարձել է Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստ: Ներկայացնում ենք մանրամասներ ֆուտբոլիստի մասին, ով ընթացիկ մրցաշրջանի գլխավոր հայտնություններից ու չի պատրաստվում կանգ առնել:

Ինչպե՞ս «փոխել» հորն ու 16 տարեկանում հեռանալ ֆուտբոլից

Ջեյմիի կյանքից ստացած առաջին տպավորությունները բավականին ծանր են: Հայրը՝ Ռիչարդ Գիլն ընտանիքը լքել է, երբ իմացել է, որ այլ կնոջից երեխա է ունենալու: Ռիչարդը նախկին ընտանիքի հետ կապ չի պահպանել, իսկ Ջեյմիի մայրն ամուսնացել է Ֆիլիպ Վարդիի հետ, ու երեխան ստացել է խորթ հոր ազգանունը: Ռիչարդ Գիլը 2015-ի նոյեմբերին լրագրողներից է միացել, որ որդին հայտնի ֆուտբոլիստ է: Սկզբում չի հավատացել, իսկ հիմա աշխատում է բաց չթողնել «Լեսթերի» խաղերը:

Հայտնի դառնալու ճանապարհը բարդ ու երկար է եղել. Վարդին 16 տարեկանում դուրս է մնացել «Շեֆիլդ Ուենսդեյ» ակադեմիայից: Պատճառը եղել է տարիքը. հարձակվողի մոտ որևէ մեկն տաղանդի առկայություն չի նկատել: Շեֆիլդում ծնված Վարդին ծանր է տարել հեռացումն ու գրեթե մեկ տարի առանց ֆուտբոլի է ապրել, իսկ 2002-ին դարձել է «Սթոքսբրիջ Պարկ Սթիլզի» երիտասարդական թիմի խաղացող:

Ինչպե՞ս օգնել ծանոթին ու հայտնվել ոստիկանությունում

Թիմի մակարդակի մասին կլռենք: Կնշենք միայն, որ Ջեյմիից երեք տարի պահանջվեց երիտասարդականից դուբլում հայտնվելու և այնտեղից էլ հիմնական կազմում ընդգրկվելու համար: Այդպես, 20 տարեկանում (Անտոնի Մարտյալի այժմյան տարիքում) Վարդին վերջապես հայտնվեց մեծահասակների թիմում: «Սթոքսբրիջ Պարկ Սթիլզն» այդ ժամանակ խաղում էր Հյուսիսային Պրեմիեր լիգայի առաջին դիվիզիոնում (Անգլիայի 7-րդ դիվիզիոն…): Վարդին շաբաթական 30 ֆունտ էր ստանում: Այդ գումարով ապրելը բավականին բարդ է. Ջեյմիին երկրորդ աշխատանք էր հարկավոր, ֆուտբոլին զուգահեռ նա աշխատել է բժշկական պրոթեզներ արտադրող ընկերությունում:

Ֆուտբոլից ու աշխատանքից բացի, Վարդին կռիվների համար էլ էր ժամանակ գտնում: Դրանցից մեկն անհետևանք չմնաց. Ջեյմին վեճի բռնվեց ծանոթներից մեկի համար, ում փաբում ծաղրել էին լսողական ապարատ կրելու համար: «Խուլ երիտասարդին խուլիգաններից պաշտպանե՞լ է: Հարգանքի արժանի արարք է»,-կասենք մենք, սակայն բրիտանական ոստիկանությունն այլ կարծիքի էր: Վարդիին ձեռնաշղթա հագցրին ու դատարանի որոշմամբ կարգադրեցին 18:00-ից հետո լինել տանը: Ծայրահեղ պատիժ չէ, բայց ոչ ֆուտբոլիստի համար, ում թիմի խաղերը հիմնականում երեկոյան են:

«Ծանր էր, ընտանիքս տառապում էր, թիմս՝ ևս: Չեմ հպարտանում նրանով, ինչ արել եմ, բայց նորից նույն կերպ կվարվեի»,-հիշում է ֆուտբոլիստը:

Ինչպե՞ս ցածրագույն առաջնություններում կարիերա կերտել

Անգլիայի 7-րդ դիվիզիոնում Վարդին իրեն լավ դրսևորեց, ու 3 արդյունավետ մրցաշրջան անցկացնելուց հետո՝ 23 տարեկանում բարելավեց ակումբի մակարդակը: Մեկ տարի «Գալիֆաքս Թաունում»՝ 27 գնդակ 37 խաղում, և ավելի լուրջ թիմ տեղափոխվելու առաջարկ: «Ֆլիդվուտ Թաուն», 5-րդ դիվիզիոն, կիսապրոֆեսիոնալ ֆուտբոլ, գործարքի չբացահայտված արժեք: Փոխարենը հայտնի է, որ Վարդին տեղափոխության օրն էլ հենց առաջին հանդիպումն է անցկացրել: Հունվարի սկզբին հարձակվողն ամանորյա նվեր ստացավ. «Բլեքպուլի»  (որն այդ ժամանակ խաղում էր Չեմպիոնշիփում) մարզիչ Իան Հոլլոուեյը նրա համար 750.000 ֆունտ առաջարկեց, սակայն ակումբը Ջեյմիի համար միլիոն էր պահանջում, ու կողմերը համաձայնության չեկան: Վարդին ակումբում մնաց մինչև մրցաշրջանի ավարտն ու դարձավ առաջնության լավագույն ռմբարկուն (31 գնդակ):

Հետո փողի տոպրակ հայտնվեց. «Լեսթերը» Վարդիի համար պահանջված միլիոնը վճարեց (+ 700.000 բոնուս): 25 տարեկանում ֆուտբոլիստը գործնականում վերնախավում հայտնվեց՝ Չեմպիոնշիփում: Մեկնարկային մրցաշրջանում նա բավականին շատ խաղաց, բայց առաջին հերթին հիշվեց գոլային պահերի թույլ իրացումներով և ընդամենը 4 գոլով: 

Արդեն 2013-ի աշնանը հարձակման գծի հիմքը Վարդի-Նյուջենտա կապն էր, որն արդարացրեց բոլոր սպասելիքները: Վարդին 16 անգամ աչքի ընկավ, նրա թիմակիցը՝ 20, իսկ «Լեսթերը» վերադարձավ անգլիական ֆուտբոլի վերնախավ: Եվ կրկին՝ ավելի բարձր մակարդակում հայտնվելուց հետո Վարդին սկզբում ձախողեց: Նա շատ էր խաղում, ակտիվ ու կայուն էր, բայց գլխավոր հերոսները Էստեբան Կամբյասոն ու Լեոնարդո Ուլյոան էին: Արդյունքում Վարդին խփած գոլերից շատ դեղին քարտ ստացավ:

Ամռանը, Հունաստանի հավաքականում կարիերան ձախողած Կլաուդիո Ռանյերիին հրավիրելուց հետո «Լեսթերը»… Բոլորը գիտեն, թե ինչ եղավ, ու ինչպես է հիմա Ռանյերիի թիմը գլխավորում ԱՊԼ մրցաշարային աղյուսակը: Չկրկնվենք, բայց ուշադրություն դարձնենք որոշ փաստերի, որոնք Ջեյմի Վարդիի անձնական հաջողությունների առանցքն են կազմում:

Ի՞նչն է Վարդիին յուրահատուկ դարձնում

Ջեյմին աչքի չի ընկնում հրաշալի տեխնիկայով, փոխանցումներում խաղը չի ստացվում (64% դիպուկություն), գլխով լավագույնս չի խաղում… Ինչպե՞ս այդպիսի ցուցանիշներով լավագույն ռմբարկու դառնալ: Մի քանի գաղտնիք կա:

Մեկնարկային արագությունը: Այս ցուցանիշով Վարդին առաջնությունում լավագույններից է: Նա հիանալիորեն բացվում է փոխանցման ժամանակ, խելացի է գործում խաղից դուրս սահմանին, միշտ պահում է անհրաժեշտ սահմանը: Նա անհավատալիորեն նպատակաուղղված է դեպի դարպասն ու յուրաքանչյուր դրվագում մինչև վերջ է պայքարում:

Եվս մի գաղտնիք. Ռիյադ Մարեզը, ով առանձին հիշատակման է արժանի: Ալժիրցին շատ ավելի կարևոր ֆուտբոլիստ է թիմի համար, քան կարելի է ենթադրել նրա գոլային փոխանցումներից: Նրա վրա է հիմնվում «Լեսթերի» գրոհների ֆանտազիան, հենց նա է Վարդիի՝ հակառակորդի դարպասին կատարած հարվածները հարմար դարձնում թիմակցի ու նյարդային՝ մրցակցի համար:

Սակայն, Վարդիի գլխավոր զենքը կատարելագործվելու ցանկությունն է: Կարող է թվալ, թե 28 տարին ուշ է կտրուկ առաջընթացի համար, բայց հարձակվողը գերազանցում է ինքն իրեն: Անցյալ մրցաշրջանում նա ամեն խաղում 1.5 հարված էր կատարում դարպասին, այս մրցաշրջանում՝ 3.5: Անցյալ մրցաշրջանում Վարդին դաշտում անցկացրած 2.244 րոպեում 5 գնդակ է խփել, իսկ այս մրցաշրջանում արդեն 18 գոլի հեղինակ է դարձել: Վերջին կես տարվա ընթացքում Վարդին երկրորդ հարկում պայքարելիս երկու անգամ ավելի շատ է հաղթում, քան նախկինում:

Այլ խոսքերով՝ Վարդին այնպես է առաջ գնում, ասես 22 տարեկան է, ոչ թե 28: Գուցե Կլաուդիո Ռանյերին ճիշտ է, երբ թիմի հետ կատարվելիքը երազ է անվանում: Ամեն դեպքում ակումբն ու ֆուտբոլիստը վայելում են պահն ու փորձում են այն հնարավորինս օգտագործել:

Եվս մի քանի փաստ

  • Ամռանը Վարդին պատրաստվում է ամուսնանալ ընկերուհու՝ Բեկի Նիկոլսի հետ: Նրանք երեխա ունեն, բայց Բեկին ևս երկու երեխա ունի այլ տղամարդկանցից: Ջեյմիի մայրն ու հայրացուն դեմ են ամուսնությանն ու դրա պատճառով հիմա առհասարակ չեն շփվում:
  • Վարդին մի փոքր ռասիստ է: Ակումբը նրան տուգանել է ճապոնական ծագում ունեցող լրագրող Ջոնաթան Լյուին վիրավորելու համար: Լյուն մինչև օրս հարձակվողին չի ներել:
  • Մի քանի ամիս առաջ Վարդին ցածր և սիրողական լիգաների ֆուտբոլիստների համար ակադեմիա հիմնեց: Պարապմունքներին, որոնք ընդամենը մեկ շաբաթ են տևում, պրոֆեսիոնալ ակումբների գործակալներ են ներկա լինում և ուսումնասիրում են մասնակիցներին: Հարձակվողն այդպես ցանկանում է հնարավորություն տալ նրանց, որոնց տաղանդը մինչև օրս բացահայտված չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում