ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի համագործակցությունը չի ուշանում, տարվում են հետևողական քննարկումներ

Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև համագործակցությունը չի ուշանում, այլ կատարվում են հետևողական աշխատանքներ, որոնք մոտ ապագայում կավարտվեն: Փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատ գամավոր Գագիկ Մինասյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` պատգամավորը շեշտեց` բազմիցս հայտարարել են, որ բաց են պետության առաջ ծառացած խնդիրների լուծման համար ցանկացած ուժի հետ համագործակցել: «Եթե մենք գտնենք ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր` ընդհանուր հայտարարի գալով կփորձենք լուծել դրանք: Կախված նրանից, թե կարճաժամկետ, միջնաժամկետ, թե երկարաժամկետ խնդիրներ ենք ուզում լուծել, համագործացությունն էլ կլինի համապատասխանաբար կարճաժամկետ, միջնաժամկետ կամ երկրաժամկետ: Այն խնդիրները, որ փորձում ենք լուծել Դաշնակցության հետ, տևական ժամանակ պահանջող ջանքեր են, դրանք բխում են նոր սահմանադրության կյանքի կոչելու հրամայականից: Այդ տեսանկյունից ես ենթադրում եմ, որ մեր համագործակցությունը կլինի երկարատև»,-ասաց Գագիկ Մինասյանը: Նա առաջարկեց օգտագործել ոչ թե «կոալիցիա» բառը, այլ «համագործակցություն», որի մանրամասներն արդեն մոտ ապագայում հայտնի կլինեն: «Երբ համագործակցությունը կայանա, սկսի գործել, կլուծվեն այն բոլոր խնդիրները, որոնք կդրվեն համագործակցության փաստաթղթի հիմքում»,- նշեց պատգամավորը` ի պատասխան հարցի, թե ինչ խնդիրներ են լուծվելու ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության արդյունքում:
Հայաստանի Հանրապետական և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները նախնական համաձայնություն են ձեռք բերել կոալիցիոն կառավարություն կազմելու: Նախնական տեղեկություններով` ՀՅԴ-ն կստանա ոչ միայն նախարարական երեք պորտֆել (ՀՀ էկոնոմիկայի,Կրթության և գիտության, Տարածքային կառավարման), այլ մարզպետի երկու պաշտոն: Նշվում է,որ ՀՅԴ մարզպետներ կնշանակվեն Շիրակի և Արագածոտնի մարզերում: