Տ.Մարգարյանը հանձնարարել է տոնական օրերին պատշաճ կազմակերպել հասարակական տրանսպորտի սպասարկումը
Նմանատիպ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօրվա աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով մայրաքաղաքում իրականացվող ձնամաքրման աշխատանքներին, նշել է, որ դրանք կազմակերպվել են պատշաճ մակարդակով և ապահովվել է անվտանգ երթևեկ:
Քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները’ աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Քաղաքապետը ողջունել է նաև երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:
Առևտրի և սպասարկումների վարչության պետը զեկուցել է, որ նախատոնական առևտրին ընդառաջ, Կենտրոն և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում կգործեն գյուղմթերքի նոր շուկաներ՝ առևտուրն առավել կազմակերպված և մատչելի դարձնելու նպատակով:
Շարունակվել է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների շահագործման նկատմամբ: Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան և երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին և շարժակազմերի սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը:
Հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Տոնական օրերին պատշաճ սպասարկում կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ հանձնարարել է մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի’ ներառյալ էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում