Gallup-ը հրապարակել է աշխարհի ամենադրական և բացասական երկրների ցանկը
Նմանատիպ
Gallup հասարակական կարծիքի ուսումնասիրման գործակալության հրապարակած նոր զեկույցի արդյունքները վկայում են, որ Լատինական Ամերիկայի, մասնավորապես՝ Պանամայի, Պարագվայի և Սալվադորի բնակիչներն ամենաշատն են արտահայտում դրական հույզեր։ Ի տարբերություն նրանց’ սինգապուրցիները, հայերն ու իրաքցիները չափազանց ժլատ են դրական հույզերի արտահայտման հարցում։ Այս մասին տեղեկացնում է Gallup-ի պաշտոնական էջը, փոխանցում է Tert.am-ը։
Գործակալությունը 2011թ. հարցում է անցկացրել աշխարհի 148 երկրում։ Սոցհարցմանը մասնակցել է 15 տարեկանից բարձր 1.000 մարդ։ Gallup-ի փորձագետները բոլոր հարցվողներին միևնույն 5 հարցերն են տվել. «Դուք երեկ լա՞վ եք հանգստացել», «Երեկ Ձեզ հարգանքո՞վ են վերաբերվել», «Երեկ Դուք շա՞տ եք ծիծաղել կամ ժպտացել», «Երեկ Դուք որևէ հետաքրքիր բան արել կամ սովորե՞լ եք», «Երեկ Դուք Ձեզ շա՞տ եք երջանիկ զգացել»։
Ընդհանուր առմամբ աշխարհի տարբեր մասերում հարցվածների մեծ մասն «այո» պատասխանն է տվել, ինչն արտացոլում է աշխարհի դրական տրամադրվածությունը։
Բացի այդ, Gallup-ը պարզել է, որ ամբողջ աշխարհում մեծահասակների 85% -ն օրվա ընթացքում հարգալից վերաբերմունքի է արժանացել, 72%-ը շատ է ժպտացել կամ ծիծաղացել, 73% -ը երջանկության մեծ զգացում է ունեցել, իսկ 72% -ն իրեն լավ հանգստացած է համարել։ Ցածր է եղել միայն որևէ հետաքրքիր բան անելու կամ սովորելու ցուցանիշը, ինչը կազմել է 43%։ Գործակալությունը եզրակացնում է, որ չնայած առկա բազմաթիվ համաշխարհային մարտահրավերներին, մարդիկ, այնուամենայնիվ, շարունակում են դրական հույզեր ապրել։
Gallup-ի զեկույցի արդյունքներն անակնկալի են բերել ոլորտի մյուս մասնագետներին, ովքեր դրական հույզերի արտահայտումը սովորաբար կապում են տնտեսական պայմանների հետ։ Այս տեսանկյունից Gallup-ի արդյունքները բավական հակասական են, օրինակ՝ Պանաման, որը ՀՆԱ ցուցանիշով աշխարհում 90-րդն է, ճանաչվել է ամենաերջանիկը, իսկ Սինգապուրը, որը ՀՆԱ ցուցանիշով 5-րդն է աշխարհում, ճանաչվել է ամենաքիչ դրական հույզեր արտահայտողը։
Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դրանցից և ոչ մեկին չի հաջողվել ներառվել ամենաերջանիկ երկրների լավագույն 100-յակում։ 107-րդ տեղում Իրանն է, 108-ում ՝ Ռուսաստանը, Թուրքիան 122-րդն է, 127-րդը՝ Ադրբեջանը, 133-րդ՝ Վրաստանը, իսկ Հայաստանը 141-րդն է։
Բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականն այս կապակցությամբ մեջբերել է ՀՀ գլխավոր սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի մեկնաբանությունը Հայաստանի՝ ամենաքիչ դրական հույզեր արտահայտող երկրների ցանկում 2-րդ հորիզոնականը զբաղեցնելու վերաբերյալ։
«Դժբախտության զգացումն այստեղ ազգային մտածելակերպի մի մասն է։ Հայերին դուր է գալիս տխուր լինել։ Օրինակ՝ ամերիկացիների ժպիտը միշտ դեմքներին է, և նրանք խուսափում են իրենց խնդիրների մասին պատմել մյուսներին, իսկ հայերը կարծես թե ամաչում են հաջողակ լինելուց»,- ասել է Ադիբեկյանը։