Հայկական պատվիրակությունն այցելել է Աջարիայի Գերագույն Խորհուրդ

Դեկտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց Բաթումի արվարձան Չակվի ավանում հանգրվանած Աջարիայի Ինքնավար հանրապետության Գերագույն խորհուրդ, ուր հանդիպում ունեցավ Աջարիայի ԳԽ նորընտիր նախագահ Ավթանդիլ Բերիձեի հետ: Պատվիրակությանն ուղեկցում էր Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրիգորյանը:

Ողջույնի խոսքերին հետեւեց հայ-աջարական կապերին, Աջարիայի հայ համայնքի կյանքին, ԳԽ գործունեությանն առնչվող մտքերի փոխանակում: Վազգեն Սրբազանը կարեւորեց հայ համայնքի դերը ինքնավար հանրապետության կյանքում, պատմեց Բաթումի հայկական եկեղեցու վերականգնման եւ նրա առջեւ ներկայումս ծառացած խնդիրների մասին:

ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ Ավթանդիլ Բերիձեն քննարկեց Աջարիայում զբոսաշրջության նոր տեսակների զարգացման հետ կապված հարցերը, որոնք էլ ավելի մեծ խթան կտան Հայաստանից Աջարիա զբոսաշրջիկների ավելի մեծ քանակի ժամանմանը: Կողմերը մտքեր փոխանակեցին գյուղատնտեսության, մշակույթի, եւ տնտեսության ոլորտներում փոխշահավետ կապերի զարգացման շուրջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում