Ուխտավորների նվիրատվությունները Ծաղկազարդին տոն կպարգևեն 300 երեխաների

Նմանատիպ
Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի կողմից մանուկների օրհնության օր հռչակված Ծաղկազարդի տոնին 300 երեխաներ կհյուրընկալվեն Մայր Աթոռում: Նրանցից 200-ը Հայաստանի տարբեր թեմերից են, 100-ն էլ՝ սիրիահայ ընտանիքների երեխաներ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության կենտրոնի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, երեխաներն սոցիալական ծանր պայմաններում ապրող ընտանիքներից են: «Ընտրել ենք սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքների երեխաներին, որովհետև նրանցից շատ շատերը, հատկապես սահմանամերձ շրջաններից եկողները, միգուցե առաջին անգամ են Մայր Աթոռ գալու ու դա իրենց համար նշանակալի օր է լինելու»,-ասաց Տեր Մարկոսը:
Կիրակնօրյա պատարագից հետո Բաց խորանում կաթողիկոսի ներկայությամբ ժամը 13:00-13:15-ը կկատարվի մանուկների օրհնության կարգ, որից հետո Էջմիածնի Հայորդանց տան թմբկահարների առաջնորդությամբ երեխաները հանդիսավոր շքերթով կշարժվեն դեպի Մայր Աթոռի տարածքում գտնվող Հայորդաց տուն, ուր նրանց պատվին տոնական համերգ կլինի և հյուրասիրություն: Երեխաներին կբաժանվեն նաև նվերներ, որոնք պատրաստել է SOAR կազմակերպությունը: Ինչպես նշեց Տեր Մարկոսը, հագուստից, գրենական պիտույքներից բացի երեխաներին կտրվեն մանկական Աստվածաշունչ, աղ ոթագրքեր և խաչ:
Մեր զրուցակցի խոսքով՝ ծրագրի իրագործումը հնարավոր կդառնա նաև ուխտավորների ջանքերով, ովքեր, Մեծ պահքի ընթացքում մասնակցելով ուխտագնացության, իրենց փոքրիկ ներդրումն են կատարել երեխաների համար անմոռանալի օր պարգևելու գործում:
«Մեծ Պահքի ընթացքում մի քանի ուխտագնացություն կազմակերպեցինք՝ շեշտը դնելով այն բանի վրա, որ հավատավորներից յուրաքանչյուրն իր ուխտագնացության հետ մեկտեղ, գումար նվիրաբերեր մեկ երեխայի՝ Մայր Աթոռ գալու համար: Մենք երեք ուխտագնացության արդյունքում ունեցել ենք մոտ 150 ուխտավոր, բայց ուրախալին այն է, որ Մայր Աթոռ է գալու 300 երեխա»,-շեշտեց Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը:
Անի Նազարյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում