Սարկոզին վերահաստատել է աջակցությունը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում

Սարկոզին վերահաստատել է աջակցությունը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցում

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին վերահաստատել է իր աջակցությունը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը քրեականացնելու գործին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Nouvelles d’Armenie-ն, Սարկոզին այս մասին հայտարարություն է արել Ֆրանսիայի անդրծովյան տարածքների կոմիտեի ներկայացուցիչների կազմակերպած պատվավոր ընթրիքի ժամանակ, որին ներկա է գտնվել նաև Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը:

Կոմիտեի նախագահ Պատրիկ Քարամը մի շարք հարցեր է ուղղել Ֆրանսիայի նախկին նախագահին` այդ թվում հարցնելով նրա վերաբերմունքը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի նկատմամբ: «Ես կողմ եմ Հայոց ցեղասպանության ժխտողականության քրեականացմանը»,- ասել է Սարկոզին` հիշեցնելով, որ հենց իր կառավարման տարիներին է Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից ընդունվել «Բուայեի օրենքը», որը, սակայն, կասեցվել է Սահմանադրական խորհրդի կողմից, որն այն ժամանակ ղեկավարում էր Ժան Լուի Դեբրեն: Նա նաև նշել է, որ տվյալ ժամանակահատվածում բավականին լարված էին Ֆրանսիայի և Թուրքիայի հարաբերությունները, սակայն ձախերի կողմից այս հարցի հետաձգումը բարելավել է իրավիճակը: Սարկոզին շեշտել է, որ չնայած մեկ տարի է մնացել նախագահ Ֆրանսուա Օլանդի մանդատի ավարտին, սակայն նշված հարցում որևէ կոնկրետություն չի մտցվել:

Փարիզում կազմակերպված ընթրիքին մասնակցել են նաև Ֆրանսիայի կրթության նախարար Նաջադ Վալո-Բելկասեմը, Իլ դը Ֆրանս տարածաշրջանի ղեկավար Վալերի Պեկրեսը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում