ՌԴ-ի հետ երկխոսությունից հրաժարվելը ցավագին կանդրադառնա Վրաստանի վրա. Աբաշիձե

Նմանատիպ
Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի եւ ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումների ձեւաչափով Վրաստանի եւ Ռուսաստանի երկխոսությունից հրաժարվելը չի լուծի ոչ մի խնդիր, այլ միայն կմեծացնի դրանց մասշտաբները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թբիլիսիի միջազգային օդանավակայանում լրագրողներին ասել է Աբաշիձեն:
Երկու դիվանագետների հերթական հանդիպումը մարտի 16-ին կայացել է Պրահայի «Դիպլոմատ» հյուրանոցում: Պրահայի հանդիպումները Վրաստանի եւ Ռուսաստանի ուղղակի երկխոսության միակ ձեւաչափն է 2008 թվականին երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո:
«Երկխոսությունից հրաժարվելը ոչ մի խնդիր չի լուծի, ընդհակառակը, կավելացնի դրանց թվաքանակն ու մասշտաբները: եվ դա ցավագին կանդրադառնա մեր երկրի ու մեզանից յուրաքանչյուրի վրա»,- ասել է Աբաշիձեն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության եթերում:
Ներկայում Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ երկխոսությունը շարունակվում է ժնեւյան քննարկումների եւ Աբաշիձեի ու Կարասինի միջեւ Պրահայում անցկացվող հանդիպումների շրջանակներում: Հանդիպումների ձեւաչափը չի նախատեսում քաղաքական հարցերի քննարկում, դրանց ընթացքում լուծվում են առեւտրի, տրանսպորտային հաղորդակցության, մշակութային-հումանիտար համագործակցության կոնկրետ հարցեր, հաղորդել է Sputnik-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում