Արմեն Ռուստամյանը համապետական աննախադեպ ընտրությունների անցկացման նախադրյալներ է տեսնում

Նմանատիպ
Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը 4 հիմնական նախադրյալներ է տեսնում, որ 2017թ. խորհրդարանկաան ընտրություններն աննախադեպ են լինելու նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության ղեկավարը նկատեց. առաջին նախադրյալն այն է, որ Հայաստանն անցում է կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: «Անձի ընտրությունն այս դեպքում արդեն տեղի չի ունենում ուղղակի: Այն տեղի է ունենում անուղղակի, որպեսզի հստակեցվի տվյալ անձի տեղը կուսակցության ցուցակում: Սա բաց ցուցակի տարբերակն է, ուստի իրականության հետ կապ չունեն խոսակցությունները, թե այստեղ ինչ-որ ծուղակ կա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ռուստամյանը:
Պատգամավորի խոսքով՝ երկրորդ նախադրյալն այն է, որ Սահմանադրության փոփոխություններից հետո ավելի ժողովրդավարական է դարձել «կայուն մեծամասնություն» հասկացությունը: «Գիտեք, որ կայուն մեծամասնությունը տարբեր ընկալումներ ուներ, տարբեր կերպ էր մեկնաբանվում: Հիմա, այն ինչ առաջարկվում է՝ որպես այդ հասկացության սահմանում, հիմնականում ընդունելի է»,- հավելեց Ռուստամյանը:
Երրորդ նախադրյալը՝ պատգամավորի գնահատմամբ, այն հանգամանքն է, որ մեծամասնությունը ցանկացած պարագայում խորհրդարանում անհրաժեշտ ներկայություն է ապահովում նաև ընդդիմության համար: «Այսինքն, մենք ասում ենք, որ ինչպիսին էլ լինեն ընտրությունների արդյունքները, ընդդիմությունը պետք է ունենա տեղերի 1/3-ը Ազգային ժողովում: Սա շատ կարևոր է, քանի որ այս դեպքում կմեծանա ընդդիմության դերակատարումը»,-ասաց նա:
Չորրորդ նախադրյալն Արմեն Ռուստամյանը համարում է այն հանգամանքը, որ իշխանությունները փորձում են գտնել մեխանիզմներ՝ ընտրակեղծիքներն ու խախտումները բացառելու համար: «Մենք հիմա աշխատում ենք այդ մեխանիզմները գտնելու վրա: Դրա հետ կապված հիմնական հարցը բազմակի քվեարկությունների դեմն առնելն է»,- մանրամասնեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ իրենք ունեցել ենք իրենց տեսակետը, որ հարկավոր է հրապարակել ստորագրված ցուցակները:
ՀՅԴ խմբակցության ղեկավարը հավելեց, որ ժամանակակից տեխնիկան էլ հնարավորություն է տալիս, որ արդեն ընտրողների գրանցման փուլում բացառվեն բազմակի քվեարկությունները: Նա մանրամասնեց, որ խոսքը գրանցման էլեկտրոնային համակարգի մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում