Արմեն Մուրադյանը պահանջել է ուժեղացնել դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկումը

Նմանատիպ
Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի ղեկավարների, նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ քննարկվել են դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, կարևորվել է հատկապես կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղմիջոցների կիրառման ժամանակ հիվանդների վարման ընթացքում կողմնակի ազդեցությունների քարտերի վարումը:
Նախարարը հանձնարարել է շրջաբերական ուղարկել բուժհաստատություններին, որպեսզի բոլոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ժամանակին և հաստատված ձևի համաձայն տեղեկացնեն Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնին։ Նախարարը միաժամանակ հանձնարարել է Դեղերի փորձագիտական կենտրոնում կլինիկաների մասնագետների մասնակցությամբ ձևավորել խումբ` հավաքագրված տեղեկատվությունը հանգամանալից վերլուծելու նպատակով:
Արմեն Մուրադյանն անդրադարձել է նաև փորձագիտական կենտրոնում ձևավորված դեղատնտեսագիտական բաժնի աշխատանքների ակտիվացման խնդրին, հանձնարարել է դեղերի որակը և արդյունավետությունը գնահատելիս առաջնորդվել նաև դեղատնտեսագիտական մշակված մեթոդաբանությամբ:
«Պետք է ձգտենք, որ գոնե սոցիալական հիվանդությունների բուժման նպատակով կենտրոնացված գնումներով ձեռք բերվող դեղերը գրանցելիս ունենանք դրանց դեղատնտեսագիտական վերլուծությունը` արտարդվող կամ այլ երկրում իրականացված մեկ տարվա դիտարկման արդյունքներով»,-ասել է նախարարը` կարևորելով նաև հետգրանցումային շրջանում դեղերի կողմնակի ազդեցությունների մշտադիտարկման համակարգի ուժեղացումը, նոր մոտեցման ձևավորումը:
Նախարարին զեկուցվել է, որ դեղերի կողմնակի ազդեցությունների գրանցման և վերլուծման համակարգն ակտիվացնելու նպատակով կազմակերպվել են բժիշկների երկամսյա դասընթացներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում