Ադրբեջանցին կնշանակվի ԻՊ-ի բանակի հրամանատար. «Ալ Արաբիա»

Ադրբեջանցին կնշանակվի ԻՊ-ի բանակի հրամանատար. «Ալ Արաբիա»

«Իսլամական պետություն» խմբավորման հայտնի հրամանատար Օմար ալ Շիշանիի (ազգությամբ չեչեն Թարխան Բատիրաշվիլի) սպանությունից հետո նրա պաշտոնի գլխավոր թեկնածուն ադրբեջանցի է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը: Ալ Շիշանին սպանվել էր Սիրիայի հյուսիսում ամերիկացիների ռմբահարումների արդյունքում: Ներկայում նրա պաշտոնը պատրաստ են զբաղեցնել երկու թեկնածու ադրբեջանցիներ: ԻՊ-ի հրամանատարների հիմնական մասի Իրաք ուղարկվելուց հետո Սիրիայում աճել է Ադրբեջանից ջիհադական հրամանատարների դերը:

Հեռուստաալիքը հայտնում է, որ Թարխան Բատիրաշվիլիի տեղը զբաղեցնելու ամենամեծ շանսն ունի «Ջունդուլլահ» ջոկատից մի ադրբեջանցի: Հեռուստաալիքը չի հայտնում նրա անունը, սակայն, նշում է, որ նա «առաջնորդի բարձր որակներ» ունի եւ ազատորեն տիրապետում է անգլերենին: Թարխան Բատիրաշվիլին հրամանատարություն էր անում ԻՊ-ի այն ջոկատներում, որոնց մեջ մտնում են Ադրբեջանից, Դաղստանից, Չեչնիայից եւ Միջին Ասիայից ժամանած ջիհադականներ:

Հեռուստաալիքի համաձայն` Դաղստանից եւ Չեչնիայից մարտիկների միջեւ հակամարտություն է տիրում, ինչի արդյունքում առաջինների դիրքերը զգալիորեն թուլացել են: Չեչեններն էլ ռուսաստանյան ռմբահարումներից հետո կորցրել են վստահությունը ԻՊ-ում: Չեչեններին կասկածում են ռուսաստանյան հետախուզությանը աշխատելու եւ ռմբահարումների համար մարտական դիրքերի մասին տեղեկատվություն փոխանցելու մեջ:Այդ ֆոնին զգալիորեն ուժեղացել են Ադրբեջանից հրամանատարների դիրքերը: Մասնավորապես, ազդեցություն է հավաքում ադրբեջանցիների «Ջունդուլլահ» ջոկատը:

Հեռուստաալիքը նշում է Սիրիայում չեչեն եւ ուզբեկ մարտիկներից առավել ադրբեջանցիների հատուկ դաժանությունը:

«Ադրբեջանցիների դաժանությունը ԻՊ-ում ասելիք է դարձել», –հեռուստաալիքին հայտնել է մարդու իրավունքների գծով սիրիացի ակտիվիստ Օբադա Քոիժանը:

Այսպես, անցյալ տարվա ապրիլին ադրբեջանցի իմամը Ռաքքայում կոչ է արել բոլոր կանանց բռնի թլփատել: Նա դժգոհել է, որ քաղաքի կանայք խիստ գրավիչ են արտասահմանցի մարտիկների համար: Ադրբեջանցու այդ կոչը զայրույթի է արժանացել, եւ հաջորդ օրը նրան գտել են սպանված, քանի որ նրա այդ կոչը դուր չէր եկել նաեւ ԻՊ-ի ղեկավարությանը, որը գտել էր, որ դրանից հետո կանայք կարող է հրաժարվեն միանալ իրենց:

Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն` ներկայում Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ի կազմում 3 հազարից ավելի ադրբեջանցի ջիհադականներ կան: Սիրիայում ներքին պատերազմը սկսվելուց հետո մինչ այժմ կառավարական ուժերի դեմ բախումներում 350-ից ավելի ադրբեջանցիներ են սպանվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում