Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ընտրություններին մատների թանաքոտման մեթոդի թերությունները

Դավիթ Հարությունյանը ներկայացրել է ընտրություններին մատների թանաքոտման մեթոդի թերությունները

Ընտրությունների ժամանակ մատների թանաքոտման մեթոդը կիրառվել է այն երկրներում, որտեղ չկան անձը հաստատող միասնական փաստաթղթեր: Հայաստանում մատերի թանաքոտման մեթոդի կիրառումը նպատակահարմար չէ: Ազգային ժողովում խորհրդարանական խմբակցությունների մասնակցությամբ ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարություն յանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին:

«Դա ավելի շատ կիրառվում է այն երկրներում, որտեղ անձը հաստատող փաստաթղթերից մեկն անձնագիրն է, իսկ մեկ ուրիշն էլ չունի անձնագիր, այլ ունի եկեղեցու վկայական և այլն, չկա միասնական բազա: Երբ գոյություն ունի միասնական բազա, ես կարծում եմ, որ մենք կարող ենք խուսափել մատների թանաքոտումից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ մատերի թանաքոտումը ինքնին լուծում չէ ու իր մեջ պարունակում է թերի կողմեր:

«Անցած անգամ, երբ մենք քննարկում էինք՝ ինչպես խուսափել կրկնակի քվեարկությունից, երբ չկային նույնականացման քարտեր, մենք որոշեցինք, որ պետք է մտցնենք անձնագրի վերջին էջում դրվող կնիքը, որը հնարավորություն կընձեռեր խուսափելու դրանից: Արդյոք դրանից նվազե՞ց անվստահությունը, ոչ: Որովհետև պարզվեց, որ կան տարբերակներ, երբ, օրինակ, թանաքը, որը գնվել է շատ հայտնի միջազգային կազմակերպությունից, ջնջվել է»,- պարզաբանեց Դավիթ Հարությունյանը:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը մանրամասնեց, որ մատերի թանաքոտման երկու եղանակ կա՝ տեսանելի և անտեսանելի:

«Հայտնի է, որ կա ընտրողների մի զանգված, որ կտրուկ հրաժարվում է մատերի տեսանելի թանաքոտումից: Անկեղծ ասած՝ ես հասկանում եմ, որովհետև դա նորմալ երևույթ չէ: Տեսանելի թանաքը լավագույն եղանակը չէ, և շատ ընտրողներ կարող են հրաժարվել դրանից»,- ընդգծեց նա:Անդրադառնալով մատերի անտեսանելի թանաքոտման եղանակին՝ Դավիթ Հարությունյանն ասաց, որ աշխարհում վերջին տարիներին անտեսանելի թանաքոտման մեթոդն ավելի ու ավելի հաճախ են սկսել օգտագործել, որովհետև տեսանելի թանաքը բերում է բավականին լուրջ խնդիրների:

«Ցավոք, անտեսանելի թանաքը ևս ունի իր խնդիրները: Մեր հարևան երկրում՝ Վրաստանում, կիրառվել է անտեսանելի թանաքը, և ես կցանկանայի ներկայացնել այն խնդիրները, որոնք առկա են այստեղ: Անտեսանելի թանաքն արվում է, որպեսզի հանձնաժողովի անդամը կարողանա համոզվել՝ քվեարկել է անձը որևէ այլ տեղամասում, թե ոչ: Անտեսանելի թանաքի առկայությունը բացահայտվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ներքո: Դա նշանակում է, որ ընտրատեղամասերում պետք է ունենան փոքրիկ լույսով լապտեր, որոնք ուլտրամանուշակագույն լույս են արձակում: Այդ լամպերներն ունեն շատ թույլ հզորություն և մեկ-երկու մետրից անգամ կարելի է չնկատել՝ արդյոք այն միացված է, թե ոչ: Արձանագրվել են դեպքեր, երբ հանձնաժողովի անդամը փաստացի չի սեղմել լապտերի կոճակը և ընդամենը այն արհեստականորեն անցկացրել է ընտրողի մատի վրայով: Այդ լամպն ունի նույն տեսքը, ինչ սովորական լամպը, իսկ սովորական լույսի տակ այդ թանաքը չի երևում: Արձանագրվել են նաև դեպքեր, երբ լամպն ուղղակի փոխվել է: Եվ մի բան էլ՝ որքան էլ ասում են, թե այդ թանաքը հնարավոր չէ հեռացնել, մեր հարևան երկրում պարզել էին, որ կան նաև այն հեռացնելու տարբերակներ: Դրա համար մենք կարծում ենք, որ չպետք է այս ճանապարհով գնալ».– բացատրեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ եթե կան կասկածներ, որ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրողների էլեկտրոնային գրանցման եղանակը չի կարող արդյունավետ աշխատել, կարելի է քննարկել այն կատարելագործելու տարբերակները:

Ի դեպ, Հարությունյանն անարդյունավետ է համարում ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումը ևս.«Պատկերացրեք տեղամասերից մեկում գիծը խափանվում է կամ ընտրողը կանգնում է տեսախցիկի առջև ու որոշ ժամանակ չի հեռանում: Այս ամենը շատ կասկածների տեղիք է տալու: Դրա համար եմ ասում, լավագույն լուծումը կլինի, եթե պահպանենք գործողը, որ վստահված անձինք և դիտորդները կարող են տեսանկարահանել այն, ինչ ցանկանում են»

Հետևեք մեզ նաև Telegram-ում