Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը կշարունակվի մարտի 25-ին

Նմանատիպ
Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքում մարտի 25-ին կշարունակվի Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով արտագնա դատական նիստը:
Նիստի ժամանակ կշարունակվի գործի փաստաթղթերի հրապարակման փուլը: Այս փուլում ներկայացվելու են գործով 26 հատորից բաղկացած փաստաթղթային փաթեթները: Դրանցից այս պահի դրությամբ հրապարակվել է միայն 10-ը՝ դրանք հիմնականում տարածքի, Վ. Պերմյակովի ու զինակիցների դատաբժշկական, ինչպես նաև դիակների զննության եզրակացություններն էին, լուսանկարներ դեպքի վայրից, իսկ ավելի ուշ կհրապարակվի նաև տեսաձայնագրություն: Փաստաթղթերի ընթերցման ընթացքում ներկայացվել է նաև Ավետիսյանների տանը հայտնաբերված իրերի, փամփուշտների, արյան և քրտինքի վերաբերյալ փորձաքննական եզրակացությունները:
Դիակների փորձագիտական եզրակացության համաձայն՝ Ավետիսյանների ընտանիքի բոլոր անդամների մոտ, բացառությամբ փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի, մահը վրա է հասել հրազենային վերքերից: Մեկ այլ եզրակացության համաձայն, այդ օրը Վ. Պերմյակովը և իր զինակիցները ալկոհոլ կամ թմրանյութ չեն օգտագործել:
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան՝ ժամը 06:00-ի սահմաններում. նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։
Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր հետո մահացել: Նշանակվել էին դատաբժշկական, դատատոքսիկոքիմիական, դատաձգաբանական փորձաքննություններ: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը):
Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին» և ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Արմենուհի Մխոյան
Հետևեք մեզ նաև Telegram-ում